08.11.2017
Ռաֆայել Լեմկին
(1900-1959)
Իրավագետ Ռաֆայել Լեմկինը մեծ ներդրում է ունեցել ցեղասպանագիտության` որպես գիտական առանձին ճյուղի ձևավորման և զարգացման գործում: Լեմկինին է վերապահվում ոչ միայն «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը և մասնակցությունը 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմման գործին, այլ նաև պատմության ընթացքում տեղի ունեցած տարբեր ցեղասպանությունների հիմնավոր ուսումնասիրությունը:
Իր ահռելի գիտական ժառանգության մեջ Լեմկինը հատուկ տեղ է հատկացրել Հայոց ցեղասպանության իրագործման խնդրի ուսումնասիրությանը` այն պահելով ուշադրության կենտրոնում իր ողջ գործունեության ընթացքում:
Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինի վրա մեծ տպավորություն էին թողել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Հայերի նկատմամբ իրագործված այդ ոճրագործությունների մասին հիշողությունները մնացին նրա գիտակցության մեջ, և նա, երբ արդեն 21 տարեկան էր ու լեզվաբանություն էր ուսումնասիրում Լվովի համալսարանում, պատահաբար տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում Լեմկինի մոտ, և նա քրեական իրավունքի պրոֆեսորի ուշադրությունը հրավիրում է այդ հարցի վրա: Պրոֆեսորը նրան պատասխանում է, որ չկա որևէ օրենք, որով թուրք հանցագործներին կարելի լինի հանձնել արդարադատությանը: Ուստի Լեմկինը որոշում է խորանալ միջազգային իրավունքի ասպարեզում՝ մասնագիտանալով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության գործում: Չգտնելով ցեղասպանությունը կանխելու և այն իրագործող հանցագործներին պատժելու համապատասխան միջազգային նորմեր՝ նա ինքն է ձեռնաուխ լինում այդ նորմերի ստեղծման գործին:
1933 թ. Մադրիդում գումարված միջազգային քրեական իրավունքի կանոնակարգման հինգերորդ կոնֆերանսում Լեմկինն առաջին անգամ առաջարկեց ստեղծել բազմակողմ կոնվենցիա և մարդկային խմբերի ոչնչացումը որակել որպես միջազգային հանցագործություն: Լեմկինը սահմանում էր «բարբարոսություն» հանցագործությունը` որպես գործողություն, որը կատարվում է մարդու կյանքի դեմ` մտադրություն ունենալով ոչնչացնել որոշակի ազգային, կրոնական կամ սոցիալական խմբին և «Վանդալիզմ» հանցագործությունը, որն իրենից ենթադրում էր արվեստի և մշակույթի գործերի ոչնչացումը: Չնայած իրավաբանի այս առաջարկները մերժվեցին, սակայն նա չդադարեցրեց իր ուսումնասիրությունը միջազգային քրեական իրավունքի ոլորտում:
1939 թ. սեպտեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը և Լեհաստանի բաժանումը Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև շրջադարձային եղան Լեմկինի կյանքում: Նա մտադիր էր նոր եզրույթ ստեղծել, որով կբնորոշեր ազգային, կրոնական և ռասայական խմբերի սպանությունները: Նոր եզրույթ ընտրելու գործում Լեմկինը մերժում է գոյություն ունեցող մի շարք առկա հնարավոր տարբերակները:
1944 թ. նոյեմբերին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը հրապարակեց «Առանցքի տերությունների կառավարումը բռնազավթված Եվրոպայում» աշխատությունը, որում Լեմկինը լինելով լեզվաբան փորձեց կարճ և սարսափեցնող «ցեղասպանություն» եզրույթով ցնցել ունկնդիրներին, որն ավելի մեծ ազդեցություն կունենար, քան նախկին` վանդալիզմի և բարբարոսության հանցագործությունները: «Ցեղասպանություն» եզրույթի ստեղծման համար հիմք էր ծառայել 1915թ. հայերի ոչնչացումը:
1946 թ. «American Scholar» ամսագրում հրապարակված «Ցեղասպանություն» (Genocide) վերնագրով և ցեղասպանության հանցագործության խնդրի հետազոտությանը նվիրված իր հոդվածում Ռաֆայել Լեմկինն, անդրադառնալով նացիստների կողմից Եվրոպայում հրեաների և մյուս ազգերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությանը, առաջին անգամ ներկայացրեց Հին աշխարհի պատմությունից սկսած տեղի ունեցած ցեղասպանության օրինակները, որոնք իրենց գագաթնակետին հասան Հայոց ցեղասպանության տեսքով:
Ցեղասպանությունը կանխարգելող միջազգային մեխանիզմների ստեղծմանն ուղղված Լեմկինի պայքարը հող նախապատրաստեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» 1948 թ. դեկտեմբերի 9-ի կոնվեցիայի ընդունման համար: Վերջինս կոնվենցիայի անհրաժեշտությունը պայմանավորում էր ցեղապանության այնպիսի լայնածավալ գործողությունների անարգել իրականացման հետ, ինչպիսին են հրեաների Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը, երբ հանցագործների կողմից առկա էր հայերին և հրեաներին` որպես առանձին մարդկային խմբերի, ոչնչացման մտադրությունը: Կոնվենցիան, որի նախագիծը կազմելու գործում մեծ դեր է ունեցել Ռաֆայել Լեմկինը, սահմանում էր ցեղասպանությունը` որպես միջազգային հանցագործություն, իսկ կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված` ցեղասպանության իրագործման համար հիմք հանդիսացող բոլոր 5 գործողությունները առկա էին Հայոց ցեղասպանության իրագործման ժամանակ, ինչը փաստում է այն մասին, որ կոնվենցիան կազմելիս ցեղասպանության դասական օրինակ է դիտարկվել հենց Հայոց ցեղասպանությունը:
Լեմկինի թողած գիտական ժառանգության մեջ պահպանվել են գիտական հետազոտություններ, գրառումներ, որոնք վերաբերում են ցեղասպանության պատմությանը: Նա նախատեսել էր հրապարակել իր երեք հատորանոց «Ցեղասպանության պատմությունը»: Առաջին հատորը նվիրված էր լինելու ցեղասպանության տեսությանը, իսկ մյուս երեք հատորներում համակարգված քննարկվելու էին անտիկ շրջանում, միջնադարում և ժամանակակից փուլում ցեղասպանության 62 պատմական դեպքեր: Երրորդ հատորի 39-րդ գլուխը լինելու էր Հայոց ցեղասպանության մասին, սակայն նրա այս նախաձեռնությունը մնաց անավարտ: Այդուհանդերձ, Նյու Յորքում գործող Ամերիկայի հրեական պատմական ընկերակցության (ԱՀՊԸ, անգլ.` American Jewish Historical Society (AJHS)) արխիվում պահվող նյութերից Լեմկինի երկու ձեռագրերը` «Հայերի կոտորածների մասին գրքաչափ ձեռագիրը» և «Հայերի կոտորածների մասին համառոտ ձեռագիրը» Մեծ եղեռնի վերաբերյալ Ռ. Լեմկինի գիտական վերլուծությունների ամենաէական արդյունքներն են:
Նարեկ Պողոսյան, ՀՑԹԻ գիտաշխատող
_________________________________________________________________
Այլ հրապարակումներ այս թեմայով.
http://genocide-museum.am/arm/un.php
http://genocide-museum.am/arm/Lemkin-2018.php
Պատերազմական վարչության նույնականացման քարտ, 1946 թ. Մայիսի 22
Ռաֆայել Լեմկինի հավաքածու
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նույնականացման քարտ, 1948 թ.
Ռաֆայել Լեմկինի հավաքածու