08.11.2024
Բրիտանական առաջատար լրատվամիջոցների («The Guardian», «The Spectator», «The Telegraph» և այլն) լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 7-ին եղան նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարանում:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ-ի փոխտնօրենը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես լորդ Ջեյմս Բրայսի հայանպաստ գործունեության մասին:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ-ի էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Մինչ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելը բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել էին ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանին, ուղղել իրենց հետաքրքրող հարցերը Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների մասին: