08.02.2023
Բանախոս՝ Գայանե Հովհաննիսյան, ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Հայատյացության քարոզը Ադրբեջանի պատմության դասագրքերում
Դպրոց՝ Արարատի պետական բժշկական քոլեջ, I կուրս
Փետրվարի 8-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Արարատի պետական բժշկական քոլեջի I կուրսի ուսանողները:
Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանի «Հայատյացության քարոզը Ադրբեջանի պատմության դասագրքերում» վերնագրով դասախոսությունը: Գայանե Հովհաննիսյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց ադրբեջանական պատմագիտության հիմնադրույթները, այլատյացության և հատկապես հայատյացության քարոզը ադրբեջանական պատմության դասագրքերում։ Ներկայացվեց նաև հայատյացության քաղաքականության հետևանքները 2020 թ․ Արցախյան երկրորդ պատերազմում, մասնավորապես՝ հակահայկական տրամադրությունների դրսևորումները ադրբեջանական սոցիալական ցանցերում (մեկնաբանություններ, հարցումներ, հայտարարություններ)։
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Քրիստինե Նաջարյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Արարատի պետական բժշկական քոլեջի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: