09.01.2014
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանի «Հայոց ցեղասպանություն. որոշումների ընդունման և իրականացման մեխանիզմները» գիրքը: Արխիվային նյութերի և սկզբնաղբյուրների վրա հիմնված այս հետազոտությունը բացահայտում է Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության կազմակերպման գործում որոշումների ընդունման մեխանիզմներն ու դրանց իրագործումը:
Գրքում խորը և բազմակողմանի վերլուծության են ենթարկվում երիտթուրքերի` հայերի ոչնչացման մասին որոշումների ընդունման գործում պատասխանատու «Միություն և առաջադիմություն» կուսակցության ներքին կառուցվածքը, իթթիհադի Կենտրոնական մարմնում ուժերի տեղաբաշխումը, «Հատուկ կազմակերպության» ստեղծման գործընթացն ու կառուցվածքը, ինչպես նաև լուսաբանվում է երիտթուրքական կառավարության և խորհրդարանի պատասխանատվությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության բնաջնջման գործում:
Գրքում քննության է առնված նաև բանակի մասնակցության հարցը հայ ազգաբնակչության դեմ իականացրած ցեղասպանության մեջ: Առաջին անգամ գիտական շրջանառության մեջ են դրվել փաստաթղթեր թուրքական արխիվից, այդ թվում նաև հայերի տեղահանության վերաբերյալ օսմանյան խորհրդարանի որոշումներն ու օրենքը, ներքին գործերի նախարար Թալեաթի և այլ նախարարների ստորագրությամբ երիտթուքական կառավարության հրահանգները, ինչպես նաև մեջբերումներ հայերի տեղահանության և դրա ընթացքում իրագործած զանգվածային կոտորածների վերաբերյալ դատական լսումների սղագրություններից:
Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունն ուսումնասիրող մասնագետներին, արևելագետներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակներին: