09.04.2024
Վերջին ամիսներին գիտահետազոտական աշխատանքներն առավել ակտիվացնելու ուղղությամբ ՀՑԹԻ-ն նախաձեռնել է տարբեր երկրների մեծ ու փոքր արխիվների ուսումնասիրության աշխատանքներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներ Ռեգինա Գալուստյանը, Աննա Կազարյանը, Շուշան Խաչատրյանը 2023 թ. դեկտեմբեր, ապա 2024 թ. մարտ ամիսներին (Ռեգինա Գալուստյանը և Աննա Կազարյանը) գործուղվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, ուսումնասիրել Թբիլիսիի Ազգային արխիվում և Վրաստանի Ազգային պառլամենտական գրադարանում պահվող Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների և որբերի Կովկասում տեղաբաշխման, հումանիտար կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև Կովկասի փոխարքայության՝ արտաքին քաղաքականության հայերին վերաբերող փաստաթղթերը և Բաքվում 1914-1918 թթ. լույս տեսած ռուսալեզու թերթերը, որոնց օրինակները չկան Հայաստանի Հանրապետությունում և որոնցում կարող էր Հայոց ցեղասպանության որևէ դրվագի անդրադարձ լինել:
2024 թ. մարտ ամսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նարեկ Պողոսյանը գործուղվել է Նյու Յորք, ուսումնասիրել Նյու Յորքի հանրային գրադարանի Մանհեթենում գտնվող գլխավոր մասնաճյուղում պահվող իրավաբան, «genocide» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի արխիվային հավաքածուն։ ՀՑԹԻ գիտաշխատողն առանձնացրել է այն նյութերը, որոնք արժեքավոր են իրավաբանի վրա Հայոց ցեղասպանության ունեցած ազդեցության ու ընդհանրապես ցեղասպանագիտական հետազոտությունների իրականացման տեսանկյունից։ Գործուղման շրջանակներում Պողոսյանն այցելել է Նյու Յորքում գտնվող Հրեական պատմության կենտրոն և «Կոլումբիա» համալսարանի Հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարան, որտեղ ևս ուսումնասիրել է Ռաֆայել Լեմկինի հավաքածուները:
Այս գործուղումների արդյունքում առանձնացված նյութերը սկզբնաղբյուրային նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության պատմության տարբեր դրվագների ուսումնասիրությունների համար, դրանք ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից կմշակվեն և գիտական հրապարակումների միջոցով կներկայացվեն հանրության լայն շրջանակներին: