09.07.2015
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հուլիսի 8-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի բացմանը հանդես եկավ ելույթով.
«2015թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ համաժողովի բացումը Երևանում ունի նաև խորհրդանշական իմաստ: Այս տարի աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեկ անգամ ևս բոլորիս ստիպեց հետադարձ հայացք ձգել ոչ միայն մեզ` հայերիս պատահած ողբերգությանը, այլև վերհիշել Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի սարսափները, Հոլոքոստն ու Ռուանդան:
Սրանք քսաներորդ դարի զարհուրելի դրվագներն են, ավաղ, ոչ բոլորը…
Այսօր ցեղասպանագետների մի պատկառելի համայնք է հավաքվել Երևանում, մի քանի օր շարունակ կիսվելու, քննարկելու ու բանավիճելու մարդկության չարիք ու խարան դարձաց մի հանցագործության շուրջ, որի անունն է ցեղասպանություն: Այս երևույթը տակավին չի իմաստավորվել ու ընկալվել մարդկության կողմից, և ինչ որ առումով մենք հաշտվել ենք դրա գոյության ու հետևանքների հետ: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում մոլեգնող զանգվածային բռնություններն ու ահաբեկչությունները, տարբեր երկրներում իշխանության գլուխ կանգնած ռազմամոլ ու հավակնոտ առաջնորդների ագրեսիվ հռետորաբանությունն այն ահազանգերն են, որոնք անուշադրության չպետք է մատնել: Հայերը, հրեաները, թութսիներն ու բոսնիացիները չեն կարող միայնակ մնալ իրենց ցավի ու հիշողության հետ, քանզի դա համայն մարդկության ցավն է ու օրակարգային խնդիրը տեղի ունեցած ողբերգության հետևանքներին առերեսվելու համար:
Ցեղասպանությունը պատմական հասկացություն չի: Այն չի սահմանափակվում տարածության ու ժամանակի մեջ, քանզի իր ծանրությամբ ու հետևանքներով համամարդկային միջամտության, կանխագելման ու իմաստավորման է պարտադրում մեզ բոլորիս:
Որքան էլ որ հոգեբանորեն ծանր է աշխատել նման թեմայի շուրջ, այնուամենայնիվ ստիպված եմ ասել, որ նրանք, ովքեր ընտրել են ցեղասպանագիտությունը որպես մասնագիտություն, կայացրել են ճակատագրական որոշում. այն նշանակում է ապրել մեկ ուրիշի, հարյուրների, հազարների ու միլիոնների պատուհասած ցավով ու ողբերգությամբ, մտովի կիսել այդ ցավը և, նույնիսկ, անհնար դիտել՝ անել դա:
Հենց այս ծիրում ակադեմիական խստությունն ու գիտականությունը միահյուսվում է բարոյականի ու մարդկայինի հետ, որը դառնում է իսկական կրեդո, համոզմունք իսկական գիտնականների համար:
Ցանկանում եմ ողջունել երևանյան համաժողովի մասնակիցներին ու արդյունավետ աշխատանքային օրեր մաղթել բոլորիս:
Շնորհակալություն»: