09.07.2022
ՀՑԹԻ գիտաշխատողների ուսումնասիրությունները տպագրվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական ամսագրերում, գրքերում և ժողովածուներում: Հետայսու պարբերաբար կներկայացնենք մեր աշխատակիցների՝ Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի վերաբերյալ այն հոդվածները, որոնք տպագրվել են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (WOS, Scopus, Book Citation Index) ընդգրկված ամսագրերում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը և գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը հրատարակել են
«Forced Marriages as a Tool of Genocide: the Armenian Case» հոդվածը
«The International Journal of Human Rights» (WOS, Q2) ամսագրում: Հոդվածը ներկայացնում է միջազգային քրեական իրավունքում բռնի ամուսնության հայեցակարգի զարգացումը, ապա դիտարկում Հայոց ցեղասպանության ընթացքում բռնի ամուսնությունների պատմաիրավական հարցերը: Հոդվածն անդրադառնում է նաև Օսմանյան կայսրությունում քրիստոնյա և մուսուլման համայնքներում ամուսնությունների պրակտիկային: Ցեղասպանության ընթացքում օսմանյան պետության կողմից կազմակերպված հայ կանանց բռնի ամուսնությունների բազմաթիվ փաստերի և գործընթացը կարգավորող օրենքների վերլուծության հիման վրա հեղինակներն եզրակացնում են, որ բռնի ամուսնությունները եղել են Հայոց ցեղասպանության իրականացման գործիքներից մեկը: