09.11.2017
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն ժամանած Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը տիկնոջ հետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Մոլդովայի Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Նախագահին ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Նախագահ Իգոր Դոդոնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին և վավերագրերին: Թանգարանում կատարած շրջայցից հետո Մոլդովայի Հանրապետության Նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Մոլդովայի Նախագահին հանձնեց բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ:
Մոլդովայի Հանրապետության Նախագահը շրջայց կատարեց Հիշողության պուրակում, որտեղ տնկեց արծաթափայլ եղևնի: