09.08.2023
Օգոստոս 7-ը ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի հետ միասին Օսմանյան պետության ցեղասպան քաղաքականության զոհ դարձան նաև կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունները՝ օսմանահպատակ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:
Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 -750 հազար մարդու կյանք:
2007 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հույների և ասորիների կոտորածները որակեց որպես Ցեղասպանություն:
Առ այսօր մի շարք երկրներ և պետությունների նահանգային իշխանություններ դատապարտել են ասորիների ցեղասպանությունը։
2015 թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությամբ ճանաչվեց և դատապարտվեց նաև ասորիների ցեղասպանությունը:
Օգոստոսի 7-ին Երևանում գտնվող ասորիների ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի:
Օգոստոս 10-ին՝ ժամը 16:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա Ֆլորիդայի միջազգային համալսարանի Իրավունքի քոլեջի պրոֆեսոր Հանիբալ Թրևիսի օնլայն դասախոսությունը «Ասորիների ցեղասպանությունը. պատմություն, ժամանակագրություն և ժառանգություն» թեմայով:
Դասախոսությանը կարող եք միանալ Zoom հարթակի միջոցով՝
https://us06web.zoom.us/j/3701072920?pwd=YzNiRTlFTUFTOFo2SDE0VUxna0FpUT09
Իսկ արդեն օգոստոսի 11-ին՝ ժամը 14:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի կունենա Արա Քեթիբյանի կազմած The Assyrian Genocide: Reports from the U.S. Press (1894-1923) (Ասորիների ցեղասպանությունը. հաղորդումներ ամերիկյան մամուլից (1894-1923) գրքի շնորհանդեսը:
Մուտքն ազատ է:
Սիրով սպասում ենք: