01.09.2023
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության կազմում Արցախին հումանիտար օգնություն հասցնելու համար Հայաստան ժամանած Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանն օգոստոսի 31-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նրան դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հայոց ցեղասպանության մասին գրքեր է նվիրել Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին: