11.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, ՀՑԹԻ գիտաժողովների սրահում ՀՑԹԻ ողջ անձնակազմը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՑԹԻ արդեն նախկին տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ, ում պաշտոնավարման հնգամյա ժամկետն ավարտվել է հոկտեմբերի 5-ին:
Հարություն Մարությանը շնորհակալություն հայտնեց բոլորին անցած հինգ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով, որ ավարտելով տնօրենի պաշտոնավարումը՝ հետայսու կենտրոնանալու է գիտական աշխատանքի վրա՝ շարունակելով գործունեությունը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում (որպես գլխավոր գիտաշխատող) և ՀՑԹԻ-ում (որպես բաժնի վարիչ ոչ լրիվ դրույքով): Իրենց շնորհակալության և երախտիքի խոսքերն ասացին նաև ՀՑԹԻ աշխատակիցները՝ կարևորելով այն նվաճումները, որոնք ՀՑԹԻ-ն ունեցավ իր գործունեության բոլոր ոլորտներում վերջին հինգ տարիների ընթացքում, բարձր գնահատելով մարդկային և աշխատանքային հարաբերություններում Հարություն Մարությանի ցուցաբերած արժանիքները՝ վերջինիս մաղթելով գիտական նորանոր ձեռքբերումներ:
Միջոցառման ընթացքում ի գնահատումն իր կատարած աշխատանքի Հարություն Մարությանը պարգևատրվեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի բոլոր ոլորտների զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ու արցախյան հիմնախնդրի հանրահռչակման գործում իր տնօրինման հնգամյա ժամանակաշրջանում ունեցած նշանակալի ավանդի համար «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալով:
Նշենք, որ ՀՑԹԻ հոգաբարձուների խորհուրդը ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանին՝ պաշտոնավարման ժամկետ սահմանելով մինչև նոր տնօրենի ընտրությունը:
ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի պաշտոնավարման հինգ տարիների գործունեության ամփոփ տվյալներին կարելի է ծանոթանալ նրա՝ ՀՑԹԻ կայքին տված հարցազրույցից՝
http://www.genocide-museum.am/arm/05.09.23.php։