18.03.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ձևավորված ավանդույթի համաձայն համագործակցելով տարբեր գիտական կենտրոնների հետ, իրականացնում է մասնագիտական գրքերի և պարբերականների փոխանակություն:
Այս անգամ համագործակցելով «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության հետ՝ ի դեմս «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի, ՀՑԹԻ գրադարանը ձեռք բերեց 2018 թ.-ից հրատարակվող «Գիտական Արցախ» պարբերականի թվով 13 համար:
Հանդիպմանը ներկա էր նաև The Armenian Mirror-Spectator թերթի գործադիր խմբագիր, պատմաբան Արամ Արքունը: Ներկաները կարևորեցին նման համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանի խոսքով՝ «Գիտական Արցախ» պարբերականը իր կարևոր նպաստը կունենա գիտաշխատողների ուսումնասիրությունների իրականացման, ինչպես նաև այդ ուսումնասիրությունների արդյունքները հասարակությանը ներկայացնելու համար:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրությանը հանձնեց շնորհակալագիր, ինչպես նաև ՀՑԹԻ հրատարակած «Ցեղասպանագիտական հանդես» և «International Journal of Armenian Genocide Studies» գիտական հանդեսների համարներից: