10.02.2022
ՀՑԹԻ ֆոնդերում ի պահ դրված ձեռագիր հուշագրություններից 99 ֆհ թվակիր հուշագրությունը կարևոր սկզբնաղբյուրային նյութ է ցեղասպանագիտությամբ, առհասարակ՝ հայագիտությամբ զբաղվող հետազոտողների համար: Թեև հուշերն ամփոփված են ընդամենը 40 էջանոց տետրակում, սակայն այն լեցուն և խիտ է տեղեկատվական ծանրությամբ, ինչպես նաև հուշագրի կյանքի պատկերավոր դրվագներով: Գրի առնող հուշագիր-վերապրողը Արիստակես Գրիգորյանն է, որը ծնվել է 1900 թ. մարտի 10-ին Շարուրի շրջանի
[1] Խանուխլար/Խանլուխլար գյուղում՝ 5 հոգանոց բազմանդամ ընտանիքում՝ ծնողներ, մեկ դուստր և երկու զավակ, որոնցից մեկն էլ Արիստակեսն էր:
Արիստակեսը 12 տարեկանից օգնում է հորը գյուղում բամբակ քաղհանելու գործում, ապա՝ արդեն 15 տարեկանից՝ զբաղվում հողագործությամբ: Թեև ծանր մանկություն է ունեցել, քանի որ ընդամենը հինգ տարեկան էր, երբ «1905 թ. պատերազմ ծագեց հայերի և տեղացի թուրքերի մեջ», սակայն նա գրի է առել նաև իր կյանքի գեղեցիկ և լուսավոր դրվագները, որոնք կարևոր են ազգագրության տեսանկյունից:
Նրա հայրը՝ Դավիթը, վերոնշյալ ժամանակահատվածում աշխատում էր ուրյադնիկի
[2] մոտ: Թեև հայրը չքավոր էր և չէր կարող որդուն տալ տեղի ռուսական դպրոց սովորելու, սակայն մորական կողմի պապը հարուստ և ազդեցիկ մարդ էր գյուղում. վերջինիս միջամտությամբ Արիստակեսը սովորում է ոչ թե ծխական, այլ տեղի ռուսական դպրոցում, որտեղ սովորում էին միայն ժամանակի հարուստների երեխաները:
Հուշագրության մեջ առանցքային տարեթվեր են 1905 թ., 1918-1919թթ.՝ Նախիջևանում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունները: Հուշագրությունում նաև անդրադարձ է արվում Առաջին համաշխարհային պատերազմին, ներկայացվում են գաղթականին բնորոշ կյանքի փուլերը, այդ թվում՝ որպես վերջնական հանգրվանի՝ Հայաստանում հաստատված կյանքի ուրվագծին:
Առանձնակի շեշտադրմամբ ներկայացվում են կանանց առևանգման տեսարանները, պաշտպանական հնարամտությունների մանրամասները, մատնանշվում են այն հայերի անունները, այդ թվում՝ իր հոր, որոնք աննահանջ շարունակել են իրենց պայքարը:
Առանձնակի անդրադառնում է Անդրանիկից թուրքերի վախի դրսևորման դրվագներին: Դրվագներից մեկում ներակայացվում է, որ մի օր թուրք ասքյարներից մեկը, գիշերը բղավելով վեր է թռել քնից, հարցին, թե ինչ է պատահել, պատասխանել է, որ երազում Անդրանիկին է տեսել և վախից արթնացել: Նաև պատմում է, որ հայերի մեջ տարածված էր այն կարծիքը, թե Անդրանիկի մարմնի վրա մսից խաչ կար, դրա համար նրան գնդակ չէր դիպչում:
Հուշագրությունը ներկայացնում է նաև գյուղի կոտորածների և բռնագաղթի հանգրվանների ուղին: Դժվարություններից հետո վերջապես ընտանիքով հասել են Հայաստան, որտեղ Արիստակեսն ընտանիք է կազմել: Ինչ-որ մի ժամանակ մտածում են լքել Հայաստանը, որպեսզի կարողանան ապրել, սակայն հասկանում են, որ օտար ափերում չկա ապագա, Սարատովից վերադառնում են Հայաստան՝ վերջնական բնակություն հաստատելով Չարբախում: Ինչպես հեղինակն է ասում, Չարբախի ուսյալն է եղել, զբաղվել է գլխավոր հաշվապահությամբ, ինչպես նաև զարկ է տվել հողագործական աշխատանքներին:
Արիստակես Գրիգորյանը մահացել է 1987 թ.:
Նորաշեն (Շարուր) գյուղի համայնապատկերը
Նորաշենի (Շարուր) Սուրբ Աստվածածին եկեղեցին
Էլինա Միրզոյան
Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող, բ.գ.թ.
Ծանոթագրություններ
[1] Նախիջևանի խորհրդայնացումից և 1924 թ. այն որպես ինքնավար հանրապետություն կազմավորվելուց հետո՝ մինչև 1930 թ., պատմական գավառի տարածքը 1316 կմ2 մակերեսով կոչվել է Շարուրի շրջան, 1930-1966 թթ.՝ Նորաշենի շրջան, իսկ 1966 թ.՝ այն վերանվանվել է Իլյիչի շրջան, http://armenianhouse.org/aivazyan-a/nakhichevan/sharur.html:
[2] Գավառական ոստիկանության ստորադաս պաշտոնյա: