Օրերս ՀՀ-ում Կանադայի Արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերը մասնավոր այցով եղավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ապա նաև` թանգարանում:
Տիկին դեսպանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև՝ ծաղիկներ Անմար կրակի մոտ: Կանադայի դեսպանին ուղեկցում էր ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, վերջինս հյուրին ու նրա ուղեկիցներին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդն ու նշանակությունը:
Կանադայի դեսպանը շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ փոխտնօրենի ժ/պ Հասմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ցեղասպանության պատմության մանրամասները, ծանոթացրեցցուցադրությանը:
Այցի ավարտին Կանադայի Արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ իր երախտագիտություն էր արտահայտում թանգարանում արվող կարևոր աշխատանքի համար և նշում, որ թանգարանի միջոցով ներկայացվում է սարսափելի պատմություն՝ համոզիչ ու ազդեցիկ եղանակով:
Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին այցի ու ցուցաբերած հետաքրքրության համար և նվիրեց ՀՑԹԻ հրատարակություններից մի քանի անգլիալեզու գրականություն: