10.03.2021
Բանախոս՝ Սուրեն Մանուկյան, պ.գ.թ., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ
Թեմա՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
Դպրոց՝ Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոց, 10 - 12-րդ դասարաններ
2021 թ. մարտի 10-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասընթացը:
Սուրեն Մանուկյանը դասախոսություն կարդաց «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը» թեմայով:
Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակագրությանը, ծրագրված բնույթին ու ցեղասպանությանը հաջորդած ժխտման քաղաքականությունը: Հատուկ ընդգծվեց ցեղասպանության տարիներին տեղ գտած դիմադրական և ինքնապաշտպանական մարտերի կարևորությունը:
Սուրեն Մանուկյանն աշակերտներին ներկայացրեց նաև 1965 թ. ցեղասպանության հիշողության «լռության» հաղթահարումն ու հուշահամալիրի կառուցման պատմությունը:
Դասախոսության բուն թեման աշակերտներին ներկայացվեց փոխներգործուն մեթոդով: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում հատկապես առանձնահատուկ կարևորվեց Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովի և Ներկայացուցիչների պալատի կողմից 1965 թ. ապրիլի 20-ին ընդունված «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը, որով, փաստորեն, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը դրվեց: Քննարկվեց նաև Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակիցներ Ավստրիայի և Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը, ներկայացվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձևի տեքստը:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին նաև թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: