10.04.2024
Ապրիլի 6-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Արմատ և ծիլ» ստեղծագործական մրցույթի անցած տարվա երեք մասնակիցների աշխատանքների ներկայացում-քննարկումը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ով բարձր գնահատեց աշակերտների կատարած աշխատանքն ու քաջալերեց, որ հետագայում ավելի խորքային հետազոտություններ կատարեն։
Ելույթներ ունեցան ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը, «Արմատ և ծիլ» ստեղծագործական մրցույթի հեղինակ ու կազմակերպիչ Անի Մանուկյանը և ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը։ Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ, ուսուցիչներ տարբեր դպրոցներից։ Առաջինն իր կատարած աշխատանքը ներկայացրեց «Անանիա Շիրակացու» անվան միջազգային գիտակրթական համալիրի սան Սերին Ագապի Սիփանը, ով անցած տարի արժանացել էր «Լավագույն աշխատանք» անվանակարգին ու ստացել Սուրեն Հանեսյանի անվան մրցանակ: Հաջորդիվ ելույթ ունեցան Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան համար 194 դպրոցի սաներ Էլեն Իվանյանն ու Դավիթ Ստեփանյանը, ովքեր ներկայացրին անցած տարի «Լավագույն աշխատանք» ու «Լավագույն նախագծային աշխատանք» անվանակարգերին արժանացած «Տերտերի աղջիկը» աշխատանքը, վերջում իր աշխատանքը ներկայացրեց Երևանի Միսաք Մեծարենցի անվան համար 146 հիմնական դպրոցի աշակերտուհի Միլենա Գրիգորյանը, ով անցած տարի արժանացել է «Լավագույն ստեղծագործական աշխատանք» անվանակարգին։ Միջոցառման ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը խրախուսական նվերներ-գրքեր հանձնեց աշակերտներին:
Մրցույթի մասնակիցները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: