10.09.2022
2022 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 9:00-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա
«Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային
գիտաժողովի բացման արարողությունը (համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Խ. Աբովյանի
անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Բեյրութի Հայկազյան համալսարան, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոն):
Գիտաժողովին մասնակցում են ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, արվեստաբաններ, հոգեբաններ, իրավունքի մասնագետներ Հայաստանից,
Հունաստանից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Չեխիայից:
Ժամը 10:40-ին տեղի կունենա համանուն խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը: Տասներեք պաստառից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն)
ցուցադրության ժամանակ կներկայացվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերից, վերապրողների ժառանգների ընտանեկան արխիվներից,
ինչպես նաև այլ հավաքածուներից տարատեսակ ցուցանմուշներ:
Միջազգային գիտաժողովն ու ժամանակավոր ցուցադրությունն իրականացվում են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայկական բարեգործական
ընդհանուր միության մեկենասությամբ:
Սիրով սպասում ենք: