10.10.2017
Հոլիվուդի լեգենդ՝ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Նրան ուղեկցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը աշխարհահռչակ հյուրին ծանոթացրեց Հայոց ցեղասպանության պատմությանը՝ վավերական մանրամասներով։ Շրջայցից հետո Ջոն Մալկովիչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը հոլիվուդյան դերասանին նվիրեց Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» և Հայկ Դեմոյանի ու Լուսինե Աբրահամյանի համահեղինակած «Ավրորայի ճանապարհը. Հայոց ցեղասպանությունը վերապրածի ոդիսականը» գրքերը, այնուհետև ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ջոն Մալկովիչը և նրան ուղեկցող հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: