11.04.2015
Լոս Անջելեսում ապրիլի 8-ին բացվեց «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդես:
Ավելի քան 500 հյուր էր մասնակցում երկար սպասված եռօրյա ցուցահանդեսի բացմանը Լոս Անջելեսի «Սկիրբոլ» մշակութային կենտրոնում:
Հայ բարեգործական ընդհանուր միության ասպետների և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ բացված ցուցահանդեսին ներկայացված էին համաշխարհային մամուլի առաջին էջերին՝ Հայոց ցեղասանության լուսաբանման իլյուստրացիաներ, լուսանկարներ, էսքիզներ: Միջոցառմանը մասնակցում էին կառավարության պաշտոնյաներ, համանքային առաջնորդներ, գիտնականներ և մասնագետներ:
Պատվավոր հյուրերի շարքում էր կոնգրեսական Բրեդ Շերմանը:
Երեկոյի հիմնական բանախոսը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էր:
Ցուցահանդեսն իր ներկայությամբ պատվեց Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ով իր երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ ասպետներին` Հարութ Յաղսեզյանի գլխավորությամբ, ցուցահանդեսը հիանալի կազմակերպելու համար: Նա նաև շեշտեց Հայկ Դեմոյանի կատարած աշխատանքի կարևորությունը:
«Այս ցուցահանդեսը բացահայտում է մարդկության դեմ իրականցված հանցագործության ճշմարտությունը և հստակորեն ցույց է տալիս 20¬րդ դարի առաջին ցեղասպանության սարսափները: Այս հրաշալի ցուցահանդեսը հնարավոր չէր լինի առանց Հայկ Դեմոյանի` հանուն արդարության անդադրում ջանքերի»,- ասել է արքեպիսկոպոս Տերտերյանը: