11.07.2023
Հուլիսի 10-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ գիտնական, պատմաբան Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը։
Ռիչարդ Գ. Հովհաննիսյանը ծնվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի մերձակայքում գտնվող Թուլարու փոքրիկ բնակավայրում, Հայոց ցեղասպանությունը վերապրած խարբերդցու ընտանիքում: Նա մեծանում էր մի միջավայրում, որտեղ ցեղասպանության մասին հիշողությունները և՛ ամենօրյա խոսակցություն էին, և՛ ճնշված հիշողություն: Նա պատմում է, որ թեև մեծերն իր ներկայությամբ Եղեռնի մասին քիչ են խոսել, սակայն դրա հատվածային վկայությունները, ինչպես օրինակ հայ կանանց ձեռքերի ու դեմքերի սարսափազդու դաջվածքները, որոնք արվել էին տեղահանության ժամանակ առևանգվելու հետևանքով, ուղեկցում էին փոքրիկ Ռիչարդին մշտապես
[1]։
Հովհաննիսյանը պատմաբան էր, և իր առաջին աստիճանը ստացել էր 1954 թ. Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում: Հետագայում նա ուսումը շարունակում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանում (UCLA), որտեղ 1966 թ. ստանում է դոկտորի աստիճան 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման ու ճակատագրի ուսումնասիրության համար: Այս ուսումնասիրությունը հետագայում դառնում է նրա «Հայաստանն անկախության ճանապարհին» (Armenia on the Road to Independence) գրքի
[2] և Հայաստանի Հանրապետության պատմությունը կոթողային քառահատոր աշխատության հիմքը
[3]։
Նա 1962 թվականից դասավանդում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի պետական համալսարանում, իսկ 1986թ. դառնում նոր հիմնադրված Ժամանակակից հայոց պատմության ամբիոնի առաջին վարիչը։
2014 թ. նա դառնում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս և վերապրողների հուշերի հավաքագրմամբ և թվայնացմամբ զբաղվող Շոա հիմնադրամի խորհրդատու Հայոց ցեղասպանության վերաբերյալ հուշերի գծով: 2018 թ. իր կողմից երկար տարիների ընթացքում իրականացված Եղեռնը վերապրածների հարցազրույցների հավաքածուն նվիրում է նույն հիմնադրամին, ստեղծելով Ռիչարդ Հովհաննիսյանի Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն:
Երբ խոսում ենք Հայոց ցեղասպանության ուսումնասիրության սկզբնավորման մասին, առաջին հերթին միշտ հիշատակում ենք երկու հսկաների, որոնց «ուսերի վրա կանգնած» էր այդ թեման երկար տարիներ: Վահագն Դադրյանը և Ռիչարդ Հովհաննիսյանը իրավամբ համարվում էին գիտաճյուղի հիմնադիրները:
Ռիչարդ Հովհաննիսյանը մտել է Հայոց ցեղասպանության հետազոտման ոլորտ, երբ ուսումնասիրելով Առաջին Հանրապետության պատմությունը, նկատել է այն բացերը, որոնք գոյություն ունեն Մեծ Եղեռնի ուսումնասիրության մեջ: Մյուս դրդապատճառը ժխտողականության թուրքական պետական քաղաքականությունն էր, որի հետ բախվում էր 20 դարասկզբի պատմության յուրաքանչյուր հայ ուսումնասիրող:
Նրա կարևորագույն ներդրումը ոլորտի զարգացման մեջ նաև կազմակերպչական էր: Բացի հոդվածներ հեղինակելուց նա տասնամյակներ շարունակ կազմակերպում է գիտաժողովներ՝ հրավիրելով բազմաթիվ գիտնականների տարբեր գիտաճյուղերից և ստեղծելով ընդհանուր մի գիտական հարթակ ու միջավայր, որտեղ կարող էին տեղի ունենալ այս թեմայի շուրջ տարբեր քննարկումներ: Ձևավորվում էր համագործակցության մի դաշտ և գիտական հանրույթ, ինչը բերում էր Հայոց ցեղասպանության ուսումնասիրության զարգացման
[4]: Հաճախ գիտաժողովներից հետո հրատարակվում էին գիտական հոդվածների ժողովածուներ և Հովհաննիսյանը դառնում էր այդ հատորների խմբագիր:
1997 թվականից սկսած Հովհաննիսյանը նախաձեռնել և ղեկավարել է մեկ այլ չափազանց կարևոր մի նախագիծ: UCLA-ում նա պարբերաբար կազմակերպում էր գիտաժողովներ նվիրված Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի պատմական գավառներին, որոնք նույնպես իրար շուրջ հավաքելով աշխարհի տարբեր երկրների առաջատար գիտնականներին, փորձում էին վերականգնել ավերված հայկական աշխարհի պատմությունը: Այս նախաձեռնությունը հետագայում հանգեցրեց հայկական բնակավայրերին նվիրված հատորների հրատարակման, որի խմբագիրը նույնպես Ռ.Հովհաննիսյանն էր
[5]:
Խոսելով Հայոց ցեղասպանության հետազոտության մեջ իր ունեցած ներդրման մասին, անհրաժեշտ է նշել, որ նա փաստացի դարձավ երկար տարիներ մրցակցող երկու դպրոցներից մեկի առաջնորդներից մեկը: Հայոց ցեղասպանության պատճառների հարցի շուրջ Դադրյան-Հովհաննիսյան բանավեճը դասական է համարվում:
Դադրյանը Հայոց ցեղասպանությունը դիտարկում էր որպես նախապես ծրագրված և անշեղորեն իրականացվող ռազմավարության հետևանք: Նա շեշտը դրում էր ոճրագործների գաղափարախոսության, մշակույթի կամ նույնիսկ մտածելակերպի վրա
[6]: Ըստ նրա, ցեղասպանությունն առաջին հերթին կրոնի և երկրորդ հերթին ազգայնականությունից
[7] բխող ոչնչացման կայացված որոշման արդյունք էր: Պատերազմը նա համարում էր բնական պատճառ և հարմար առիթ արդեն իսկ մշակված ծրագրի իրականացման համար
[8]:
Հովհաննիսյանը ներկայացնում էր գիտնականների մեկ այլ խումբ, որոնք պնդում են, որ պատերազմը ոչ միայն հարմար առիթ է, այլ նաև հենց պատճառ կամ որոշիչ գործոն Հայոց ցեղասպանության իրականացման համար: Նրա համար ցեղասպանության հիմնական պատճառը հենց երիտթուրքերի ազգայնական գաղափարախոսությունն էր
[9]։ Ըստ Հովհաննիսյանի այլատյաց ազգայնական մտածելակերպի և տոտալ պատերազմի պայմաններում ստեղծվել էր հենց այն մահաբեր մթնոլորտը, որը բերեց աղետի
[10]:
Ռիչարդ Հովհաննիսյանը մեծապես կապված էր նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ, մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և հանրային ելույթներ է ունեցել: 2019 թ. նա արժանացել է ՀՑԹԻ Հենրի Մորգենթաուի հուշամեդալին:
Միայն ներկայացված նախագծերը և հրապարակումները բավարար էին Ռիչարդ Հովհաննիսյանի ներդրումը ներկայացնելու համար: Ռիչարդ Հովհաննիսյանն իրենից հետո թողնում է բազմաթիվ հատորներ, հիմնադրված ամբիոններ, արդեն հայտնի գիտնականներ դարձած մի շարք աշակերտներ: Եվ բացի այդ իր կյանքով ցույց է տալիս, թե որքան շատ բան կարող է անել անխոնջ աշխատանքով, գործի կարևորությունը խորապես գիտակցելով և ուղղակի սեփական աշխատանքին նվիրված անհատը:
Սուրեն Մանուկյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ
Ծանոթագրություններ
[1] Richard G. Hovannisian, Confronting the Armenian Genocide, Pioneers of Genocide Studies (ed. Totten S., Jacobs S. L.), Transaction Publishers, 2010, 28.
[2] Richard G Hovannisian, Armenia on the Road to Independence, 1918. Berkeley: University of California Press, 1967.
[3] Richard G Hovannisian, The Republic of Armenia: The First Year, 1918–1919. Vol. 1. Berkeley: University of California Press, 1971; Idem, The Republic of Armenia: From Versailles to London, 1919–1920. Vol. 2. Berkeley: University of California Press, 1982; Idem, The Republic of Armenia: From London to Sèvres, February–August 1920. Vol. 3. Berkeley: University of California Press, 1996; Idem, The Republic of Armenia: Between Crescent and Sickle: Partition and Sovietization. Vol. 4. Berkeley: University of California Press, 1996.
[4] The Armenian Genocide in Perspective, New Brunswick, N.J.:Transaction Books, 1986; The Armenian Genocide: History, Politics, Ethics, New York: St. Martin’s Press, 1992; Remembrance and Denial: The Case of the Armenian Genocide, Detroit: Wayne State University Press, 1998; Looking Backward, Moving Forward: Confronting the Armenian Genocide, New Brunswick, NJ: Transaction Publishers, 2003; The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies, New Brunswick, NJ: Transaction Publishers, 2007.
[5] Armenians of Van/Vaspurakan (2000); Armenian Baghesh/Bitlis and Taron/Mush (2001); Armenian Tsopk/Kharpert (2002); Armenian Karin/Erzerum (2003); Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia (2004); Armenian Tigranakert/Diarbekir and Edessa/Urfa (2006); Armenian Cilicia (2008) (together with Simon Payaslian); Armenian Pontus: The Trebizond-Black Sea Communities (2009); Armenian Constantinople (2010) (together with Simon Payaslian); Armenian Kars and Ani (2011); Armenian Smyrna/Izmir: the Aegean Communities (2012); Armenian Kesaria/Kayseri and Cappadocia (2013); Armenian Communities of Asia Minor (2014); Armenian Communities of the Northeastern Mediterranean/Musa Dagh—Dört-Yol—Kessab (2016); Armenian Communities of Persia/Iran (2021).
[6] Taner Akçam. The Young Turks' Crime against Humanity: The Armenian Genocide and Ethnic Cleansing in the Ottoman Empire, Princeton: Princeton University Press, 2012, 126.
[7] Warrant for Genocide: The Key Elements of the Turko-Armenian Conflict, 1998.
[8] “The Armenian Genocide and the Pitfalls of a ‘Balanced’ Analysis,” Armenian Forum, 2, 1998, 73–131; “Naim-Andonian Documents on the World War I Destruction of Ottoman Armenians: The Anatomy of a Genocide,” International Journal of Middle East Studies, 18, 1986, 311–60; “Genocide as a Problem of National and International Law: The World War I Armenian Case and Its Contemporary Legal Ramifications,” Yale Journal of International Law 14, 2, 1989, 300–301; “The Armenian Genocide in Official Turkish Records,” Journal of Political and Military Sociology 22, 1, 1994, 29–96; History of the Armenian Genocide, 324–26.
[9] Bedross Der Matossian, “Explaining the Unexplainable: Recent Trends in the Armenian Genocide Historiography,” Journal of Levantine Studies, 5, 2, 2015, 150.
[10] Richard G. Hovannisian, “The Armenian Genocide: Wartime Radicalization or Premeditated Continuum?,” in Hovannisian, The Armenian Genocide: Cultural and Ethical Legacies, 3.