11.07.2024
Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին այցելեց հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետ, գնդապետ Առաքելյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Պարոն Առնոլդ Կամմելը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Պատվիրակության անդամները մեծ հետաքրքրությամբ լսեցին ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի և նրա հեղինակած «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի մասին:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այնուհետև պարոն Առնոլդ Կամմելը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Այցի ընթացքում Ավստրիայից ժամանած պատվիրակության անդամները եղան Հիշողության պուրակում, տեսան Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի 2012 թ. տնկած եղևնին: