11.09.2024
Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ:
Պատվիրակությանը դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Իրաքից ժամանած պատվիրակությունը անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես արաբ իրավաբան, Հայոց ցեղասպանության ականատես Ֆայեզ Ալ Ղուսեյնի հայանպաստ գործունեության մասին:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Ջասիմ Մուհամմադ Աբուդին գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվիրակության ղեկավարին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին արաբերեն գիրք:
Այցի ավարտին հյուրերը շրջեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ անցած տարի Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը տնկել էր արծաթափայլ եղևնի: