11.10.2015
Հոկտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու համար Երևան եկած պատվիրակությունները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայելլ Ժանի հետ:
Պատվիրակության ղեկավարներն ու անդամները անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ֆրանկոֆոնիայի 31—րդ նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան են եկել հինգ մայրցամաք ներկայացնող ութսուն երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ կազմակերպության անդամ երկրների՝ քսանից ավելի արտգործնախարարներ:
Այցի ընթացքում Քվեբեկի Միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան Պիեռը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին փոխանցեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող՝ Քվեբեկի ազգային ժողովի բանաձևի և վարչապետ Ֆիլիպ Քուիյարի հաղորդագրության բնօրինակները:
Վարչապետի հաղորդագրությունում Ֆիլիպ Քուիյարը հայտնում է, որ 2015-ի ապրիլի 24-ին նրա առաջադրած օրինագիծը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակը իբրև ժամանակակից պատմության մի դժբախտ ու ցավալի դրվագ հիշատակելու մասին, միահամուռ ընդունվել է ի նշան հայկական ծագում ունեցող 25 հազար համաքաղաքացիների հետ համերաշխության: «Հանդիսանալով մարդկային պատմության ցավագին էջերից մեկը՝ այս ցեղասպանությունը իսկական դաս է ներկա և ապագա սերունդներին: Մենք պետք է վառ պահենք հիշողությունը և գրառենք այն պատմության մեջ, որպեսզի այլևս երբեք կյանքի չկոչվեն նմանատիպ սարսափելի իրադարձություններ», - ասված է Ֆիլիպ Քուիյարի հաղորդագրությունում: