11.10.2024
ՀՑԹԻ-ի երիտասարդ գիտաշխատողներ Սաթենիկ Մաթոսյանը, Աննա Կազարյանը և Էլեն Հակոբյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը զեկուցումներով մասնակցել են Թբիլիսիում տեղի ունեցած Global History Series եռօրյա միջազգային աշխատաժողովին, որը կազմակերպել էր Վրաստանում Մաքս Վեբեր հիմնադրամի մասնաճյուղը և որին մասնակցում էին Վրաստանից ու Հայաստանից երիտասարդ գիտնականներ:
ՀՑԹԻ-ի աշխատակիցները ներկայացրել են իրենց ուսումնասիրությունները Հայոց ցեղասպանության և Նախիջևանի վերաբերյալ: Սաթենիկ Մաթոսյանը ներկայացրել է «Վանի նահանգի Աղբակի գավառակի հայության տեղահանումն ու բնաջնջումը (1914-1915 թթ.)», իսկ Աննա Կազարյանը՝ «Էրզրումի նահանգի Քղի գավառակի հայության տեղահանումն ու բնաջնջումը (1915-1916 թթ.)» թեմայով զեկուցումները:
«Համակեցություն և կոնֆլիկտ. Նախիջևանի գավառը 19-20-րդ դդ.» խորագրով զեկուցումն էլ ներկայացրել է Էլեն Հակոբյանը:
Աշխատաժողովի առաջին օրը «Համաշխարհային պատմությունը լուսանցքից» վերնագրով դասախոսությամբ հանդես է եկել Մյունխենի համաշխարհային և ժամանակակից պատմության կենտրոնի դասախոս, դոկտոր Ռոբերտ Կրամը, իսկ երրորդ օրը խորհրդային շրջանի մասնագետ, պրոֆեսոր Մաշա Ցերովիչը ներկայացրել է «Ռուսական Անատոլիան 1877-1918 թթ.» թեմայով դասախոսություն: