10.11.2014
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի գլխավորությամբ հայկական թեմերի առաջնորդներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Կաթողիկոսները ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Տարբեր երկրների հայոց թեմերի առաջնորդները երկու կաթողիկոսների առաջնորդությամբ ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա Հայոց ցեղասպանության հուշահամալիրում միասնական աղոթք հղեցին առ Աստված և կատարեցին հոգենհանգստի կարգ Մեծ Եղեռնի նահատակների հոգիների խաղաղության համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 11-ին իր աշխատանքներն է սկսելու Եպիսկոպոսաց ժողովը, որի քննարկման առանցքում է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը:
«Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքների սկիզբն ազդարարելու համար եպիսկոպոսաց դասով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելով` մեր խոնարհումն ենք բերում 1.5 միլիոն նահատակ զավակների հիշատակին և մեր աղոթքը բարձրացնում մեր աշխարհասփյուռ ժողովրդի խաղաղ, ապահով կյանքի համար: Հայցում ենք Տիրոջից, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովի աշխատանքները Սուրբ Հոգու շնորհների ներքո լինեն և մեր ժողովրդի սպասվող ակնկալություններն արդարանան` որպես աշխատանքների արդյունք»,- նշեց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:
Արամ Առաջինի խոսքով էլ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը վճռական անկյունադարձ պիտի դառնա հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: «Հարյուր տարիներ մենք հիշեցինք ու հիշեցրեցինք Հայոց ցեղասպանության մասին. ժամանակն է, որ մեր պահանջատիրությանը նոր ուժականություն և նոր գունավորում տանք: Անցնող ամիսներին հաճախակի այս կետը ես շեշտեցի: