11.12.2018
Ս.թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:
Ֆորումի՝ «Թանգարանները և ցեղասպանությունը. Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը և այդ միջոցով կանխարգելման գործընթացին նպաստումը» թեմատիկ քննարկմանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը հանդես եկավ «Թանգարաններ և ցեղասպանություն. Օժանդակել ցեղասպանության կանխարգելմանը պահպանելով ցեղասպանության զոհերի հիշատակի օրերը. հայացք Երևանից» զեկույցով:
Զեկույցի մեջ պարոն Մարությանն հանգամանորեն անդրադարձավ հիշատակի օրերի, դրանց անհրաժեշտության, Հայոց ցեղասպանության ճանաչման, հայ ժողովրդի համար դրա ընկալման ու կարևորության առանձնահատկությունների, նման հարցերում թանգարանների դերի մասին:
« Նկատի ունենանք, որ թանգարանն այն վայրն է, որն աշխատում է տարին ավելի քան 300 օր։ Այսինքն, տարվա տևողության 83%-ը այն լծված է որոշակի թեմայով քարոզչական աշխատանքի։ Ամեն թանգարան, եթե այն ձևավորված է գիտական հիմքի վրա, նախ և առաջ ներկայացնում է իրողությունը, բայց կարող է և անել (և հաճախ անում է) որոշակի շեշտադրումներ ի նպաստ ցուցադրվող թեմայի որոշակի´ տեսանկյունով ներկայացմանը։
Հայոց ցեղասպանությանը նվիրված է ընդամենը մի քանի թանգարան ու ցուցադրություն։ Երևանում ու Բեյրութում։ Ու վերջ։ Փոխարենը Հայաստանում և Սփյուռքում ունենք հարյուրավոր հուշարձաններ, որոնք իրենց հիշողության գործառույթը, որպես կանոն, կատարում են տարվա մեջ միայն մեկ կամ մի քանի օր։ Դրանց հիմնական մասը խաչքարեր են, այսինքն ունեն նաև որոշակի կրոնական երանգավորում։ Նման իրավիճակում հայերը դեռ երկար ժամանակ չեն կարողանալու Հայոց ցեղասպանությունը ներկայացնել որպես արդիականության պահանջներին բավարարող համաշխարհային հիշողության կարևոր մաս», - նշեց ՀՑԹԻ տնօրենը:
Եվ քանի որ նիստի քննարկման առանցքը Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացում - նպաստում կանխարգելման գործընթացին թեման էր, ուստի պարոն Մարությանն քննության ենթարկեց ու անդրադարձավ նաև այդ խնդրին: Կարելի՞ է ասել, որ ուղղակի կապ կա ցեղասպանության զոհերի հիշատակի օրերի նշման և ցեղասպանությունների կանխարգելման միջև։ Թերևս ոչ։ Կապն անուղղակի է։
«Ցեղասպանության հիշողությունը հայոց ինքնության անկապտելի մասն է։ Այն շարունակում է մնալ բավականին ակտիվ գործոն նույնիսկ 100 տարի անց։ Իսկ Հայկական առաջին հեղափոխության/Ղարաբաղյան շարժման ժամանակ, առաջին պլան գալով, այն նույնիսկ դարձավ հեղափոխության կարևորագույն շարժիչ ուժերից մեկը, անկախության կերտման գրավական։ Եվ այո, ցեղասպանության զոհերի հիշատակի օրերին կատարվող երթերը՝ Հայաստանում թե Սփյուռքում, հուշում են մարդկությանը, որ պետք է ամեն ինչ անել կանխարգելելու համար ցեղասպանությունները։ Եվ հայոց ինքնության մեկ այլ հիմնարար դրույթներից է այն համոզմունքը, որ եթե ժամանակին աշխարհը ճանաչեր ու դատապարտեր Հայոց ցեղասպանությունը, պատժեր մեղսագործներին, փոխհատուցում պահանջեր ու հետևեր դրա ստացմանը, չէին լինի ոչ Հոլոքոստը, ոչ հաջորդող ցեղասպանությունները։
Մասնակցելով հիշատակի օրերի նշմանը մարդիկ ցույց են տալիս իրենց հաստատակամությունը՝ հիշելով՝ պայքարել ու հաղթել։ Եթե հիշում ես, հարգում ես անմեղ զոհերի հիշատակը, ուրեմն պայքարում ես արդարության հաղթանակի համար, ուրեմն ցույց ես տալիս աշխարհին ցեղասպանության՝ որտեղ էլ լինի՝ կրկնման վտանգը և այդպիսով զգոնության կոչ ես անում։ Իսկ հիշողության քարոզչությունը՝ թանգարանային ցուցադրությունների ու կրթական համակարգի միջոցով հասանելի դարձնելով հարյուր-հազարներին ու միլիոններին, նպաստում ես աշխարհում ցեղասպանության չկրկնման հավանականության մեծացմանը»,- իր խոսքում կարևորեց ՀՑԹԻ տնօրեն պարոն Մարությանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին ցեղասպանության թանգարանների, հուշահամալիրների և հետազոտական կենտրոնների դերակատարումը ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի և այդ հիմնախնդրի թանգարանային ցուցադրությունների ու գիտական հետազոտությունների միջոցով իրազեկման, լուսաբանման ու տարածման տեսանկյունից։
Հանրակրթության կարևորագույն բաղադրիչներից մեկը հանրային հիշատակումներն են, ինչն իր հերթին արտահայտվում է տարբեր ձևերով։ Քննարկվեցին թանգարաններ այցելությունների, հիշատակման օրերի միջոցով ցեղասպանության իրազեկվածության բարձրացման կարևորությունը, այդ ուղղությամբ ձեռնարկված տարբեր երկրների փորձի նշանակությունը, ընդհանրությունների վերհանումը։
Ֆորումին որպես «Կրթության և իրազեկման բարձրացման դերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման հարցը» քննարկման մոդերատոր իր մասնակցությունն ունեցավ նաև ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավար, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը:
Դեկտեմբերի 11-ին՝ ֆորումի աշխատանքների ավարտից հետո մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Տարբեր երկրներից ժամանած առաջատար մասնագետներից կազմված պատվիրակությունը շրջայց կատարեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանությունը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան էր այցելել նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ադամ Դիենգը: Տեղեկացնենք, որ 2018 թ. Գլոբալ Ֆորումը նվիրված էր «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին, նպատակը՝ կրթության միջոցով անդրադառնալ ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերին, քննարկել ցեղասպանության վերաբերյալ կրթությանն առնչվող առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, փորձառություններն ու հեռանկարները: Գլոբալ Ֆորումը կազմակերպել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի աջակցությամբ, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ սերտ համագործակցությամբ։
Սա թվով երրորդ ֆորումն էր՝ ընդդեմ ցեղասպանության հանցագործության: Առաջին անգամ այն անց է կացվել 2015 թ. ապրիլին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին, այնուհետև՝ 2016 թ.: