12.04.2017
Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Նորվեգիայի Բերգեն քաղաքի «Լիդերհորն» երկսեռ երգչախումբը:
Հուշակոթողի մոտ նորվեգական երգչախումբը մի քանի համար կատարեց: Հնչեցին շվեդական, նորվեգական, չիլիական, աֆրիկյան հոգևոր երգեր:
Հայաստանյան ելույթի համար խումբը պատրաստել էր մի քանի հայկական կատարումներ:
Ելույթից հետո Նորվեգիայից եկած հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հրաժեշտից առաջ «Լիդերհորն» երգչախումբի անունից նորվեգացի երգիչները ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին նվիրեցին իրենց հայրենի քաղաքի՝ Բերգենի մասին պատմող պատկերագիրք:
«Լիդերհորն» երգչախումբը ստեղծվել է 1973-ին ուսանողների կողմից: Որդեգրելով «Երգը կարող է զենք դառնալ ազատության համար պայքարում» կարգախոսը՝ այդ կերպ ցանկանում էին համերաշխություն արտահայտել ընդդեմ անարդարության և ճնշումների:
Երգչախումբը տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ համերգների եւ այլ մշակութային միջոցառումների, որոնք միջազգային համերաշխություն են արտահայտել: Հայտնի է խմբի համերգային գործունեությունը ընդդեմ Իսպանիայի և Չիլլիի բռնապետերի: Ընդդեմ ապարտեիդի կոչերով և համերգներով խումբը ելույթ է ունեցել Հարավային Աֆրիկայում:
Երգչախումբը ելույթ է ունեցել աշխարհի պատմական վայրերում, ինչպես նաև ՝ փախստականների ճամբարներում և եկեղեցիներում:
Մի քանի տարի առաջ Բերգենի հայ համայնքի հետ համագործակցության շրջանակում «Լիդերհորն» ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչմնան արարողություններին: Տպավորված Հայոց Մեծ Եղեռնի ողբերգական պատմությամբ՝ նորվեգացիները որոշել են՝ անպայման այցելելու են Հայաստան: