12.04.2023
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամն ընթերցող հասարակությանն է ներկայացնում վերջերս հրատարակած ՀՑԹԻ գիտաշխատողների «Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին» կոլեկտիվ մենագրությունը:
Գրքի հետազոտական առանցքը Հայոց ցեղասպանության համատեքստում հայ երեխաների բռնի տեղափոխման թեման է՝ ներկայացված իրավական, կրոնական, գաղափարախոսական, պատմական գիտակարգերով: Կոլեկտիվ մենագրությունը հիմնված է ինչպես արդեն շրջանառված, այնպես էլ նոր շրջանառվող հարուստ աղբյուրների ուսումնասիրության վրա:
Գրքի գիտական նախաբանի հեղինակն է պ.գ.թ Նարինե Մարգարյանը:
Առաջին՝
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐ» գլխում հեղինակ պ.գ.թ Էդիտա Գզոյանը ներկայացնում է երեխաների բռնի տեղափոխման խնդրի իրավական ասպեկտները՝ միջազգային իրավունքի համատեքստում քննելով թեմային առնչվող իրավական հարցերը, ներկայացնելով պատմական հիմքերը, վերլուծելով բռնի տեղափոխման վերաբերյալ ազգային և միջազգային ատյաններում արծարծված քննարկումներն ու որոշումները:
Երկրորդ՝
«ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ. ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» խորագրով գլխում հեղինակ Ռեգինա Գալուստյանն անդրադառնում է «Միություն և առաջադիմություն» կոմիտեի ազգայնականության ռասայական ասպեկտներին, դրանց ակունքներին՝ վերլուծելով երեխաների բռնի տեղափոխման ու ձուլման երիտթուրքական ծրագրերը գաղափարական այդ համատեքստում:
Երրորդ գլխում՝
«ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐՈՆԱԿԱՆ-ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ (ԹՈՒՐՔԱՑՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՈՐԲԱՆՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ)», հեղինակ պ.գ.թ. Շուշան Խաչատրյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության համատեքստում երեխաների բռնի տեղափոխման կրոնագաղափարական կողմը՝ համադրելով երիտթուրքական կառավարության ծրագիրը և արդեն գործնական հարթության մեջ ներկայացնելով երեխաների բռնի տեղափոխումից հետո նրանց դեմ գործադրվող թուրքացման քաղաքականությունը:
Չորրորդ՝
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՓՈԽՎԱԾՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՋԱՆՔԵՐԸ. ՉԵԶՈՔ ՏԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» գլխում համահեղինակներ Էդիտա Գզոյանը, Շուշան Խաչատրյանն ու Ռեգինա Գալուստյանն անդրադառնում են երեխաների ինքնության վերադարձի գործընթացներին Մուդրոսի զինադադարից հետո:
Կոլեկտիվ մենագրության հինգերորդ՝ վերջին գլխում՝
«ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ. ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԹԵԶԵՐ ԵՒ ՀԱԿԱԹԵԶԵՐ» հեղինակ բ.գ.թ. Էլինա Միրզոյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության համատեքստում երեխաների բռնի տեղափոխման վերաբերյալ թուրք հեղինակների ժխտողական թեզերը, տեսություններն ու հակաթեզերը, որոնք, ըստ հեղինակի, ունեն պետական ուղղորդված քաղաքականություն և նպատակ են հետապնդում դրանք տարածելու, զարգացնելու և միջազգային գիտական հանրույթում շրջանառելու ուղղությամբ:
Գրքի վերջում ներկայացված են հավելվածներ (լուսանկարներ, աղյուսակներ, սխեմաներ, վկայություններ):