12.05.2022
Բանախոս՝ Ռեգինա Գալուստյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն
Դպրոց՝ Արարատի մարզի Այգեզարդի Ա․ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան
Ս. թ. մայիսի 11-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանն աշակերտներին ներկայացրեց «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» թեմայով դասախոսություն, որի ժամանակ անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդներին, մասնավորապես տեղահանությանը: Բանախոսը շեշտեց, որ այն հայերին բնաջնջելու թուրքական իշխանությունների նոր մեթոդն էր: Ռեգինա Գալուստյանը խոսեց նաև Հայոց ցեղասպանության ընթացքում հայ երեխաների խեղդամահությունների, ողջակիզման, բժշկական փորձակումների ենթարկելու և բռնի թրքացնելու մասին:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրեի պատասխանատու Քրիստինե Նաջարյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Արարատի մարզի Այգեզարդի Ա․ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: