12.08.2023
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանական քաղաքականության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլ կայսրության քրիստոնյա մյուս փոքրամասնությունները՝ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:
Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր է ընտրվել օգոստոսի 7-ը, որը պաշտոնապես հայտարարվել է ասորի նահատակների օր 1970 թ.
[1]: 1933 թ. հենց այդ օրը Իրաքի հյուսիսում գտնվող Սիմել քրդաբնակ գյուղում, որը 1915 թ. վերաբնակեցվել էր փախստականներով, տեղի ունեցավ ասորիների զանգվածային կոտորած
[2]:
Ըստ որոշ հետազոտողների, միայն մեկ օրում քրիստոնեական երկու եկեղեցիներում ողջ–ողջ այրվեցին 3000 ասորիներ։ Շրջակայքի շուրջ 100 ասորական գյուղեր ոչնչացվեցին ու թալանվեցին, 6000 ասորի տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին
[3], իսկ տասնյակ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։
Սիմելի ջարդերի տարելիցի ոգեկոչման հետ մեկտեղ ոգեկոչվում է նաև 1914-1923 թթ. ասորիների ցեղասպանությունը: Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 - 750 հազար մարդու կյանք։
«Genocide» եզրույթի հեղինակ, իրավաբան Ռաֆայել Լեմկինն իր գիտական գործունեության ընթացքում Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ կիրառվող հալածանքների համատեքստում անդրադարձել է նաև ասորիների նկատմամբ ցեղասպանական քաղաքականությանը։ «Հայերի կոտորածների մասին գրքաչափ ձեռագրում» նա, մասնավորապես, վկայություններ է բերել ասորի հոգևորական Ժոզեֆ Նայեմի «Այս ազգը մահանալո՞ւ է» (Shall This Nation Die?)
[4]գրքից, որում հեղինակը ներկայացնում է իր դիտարկումները 1915 թ. կեսերին սկզբին թուրքերի կողմից ասորիների, հայերի և հույների նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին:
Այնուամենայնիվ, Լեմկինն առավել մեծ ուշադրության է արժանացրել Իրաքի Սիմել գյուղում արաբների և քրդերի իրականացրած ասորիների կոտորածները
[5]:
Պատահական չէ, որ իրավաբանի անավարտ մնացած «Ցեղասպանության պատմություն» աշխատության երրորդ հատորի առաջին գլուխը՝ «Ասորիները Իրաքում» վերնագրով, նվիրված էր լինելու հենց Իրաքում ասորիների ցեղասպանությանը
[6]:
«Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը շուրջ մեկ միլիոն հայեր սպանվեցին միտումնավոր քաղաքականության հետևանքով: Նմանատիպ ճակատագրի արժանացան նաև քրիստոնյա ասորիները Իրաքում: Սա ցեղասպանություն է: Պատմությունը լի է ցեղասպանության դեպքերով»
[7],- նշում է Լեմկինը «Վերջ տալ ցեղասպանությանն այժմ» (Stop Genocide Now) խորագիրը կրող անտիպ հոդվածում։
1933 թ. Մադրիդում գումարված քրեական իրավունքի հիմնահարցերին նվիրված 5-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ իր զեկույցը կազմելու և «բարբարոսություն» ու «վանդալիզմ» հանցագործությունների մասին իր առաջարկները ներկայացնելու հարցում Լեմկինը Հայոց ցեղասպանության իրողության հետ մեկտեղ հաշվի է առել նաև Իրաքում ասորիների սպանդի դեպքերը
[8]: Մադրիդյան զեկույցի հիման վրա էլ հետագայում վերջինս ստեղծեց «ցեղասպանության հանցագործություն» հասկացությունը:
Նարեկ Պողոսյան, պ.գ.թ.
ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Ծանոթագրություններ
[1] “Joint NGO Statement to Commemorate Assyrian Genocide Remembrance Day,” https://www.assyrianpolicy.org/post/joint-ngo-statement-to-commemorate-assyrian-genocide-remembrance-day
[2] Marlo Safi, “The Simele Massacre & the Unsung Hero of the Genocide Convention,” National Review, July 27, 2018, https://www.nationalreview.com/2018/07/simele-massacre-1933-assyrian-victims-still-seek-justice/
[3] Alda Benjamen, Assyrians in Modern Iraq: Negotiating Political and Cultural Space (Cambridge: Cambridge University Press, 2022), 17.
[4] Joseph Naayem, Shall This Nation Die? (New York: Chaldean rescue, 1921).
[5] AJHS, Raphael Lemkin Collection, P-154, Box 9, folder 2, Armenians and Assyrians, undated.
[6] Steven L. Jacobs, “Definitions and Concepts of Genocide: Lemkin and the Concept of Genocide,” in Multidisciplinary Perspectives on Genocide and Memory, eds. Armen T. Marsoobian, Jutta Linder, (New Haven, CT.: Springer, 2018), 15.
[7] AJHS, Raphael Lemkin Collection, P-154, Box 7, folder 3, Stop Genocide Now, undated.
[8] Sargon Donabed, Reforging a Forgotten History: Iraq and the Assyrians in the 20th Century (Edinburgh, Edinburgh University Press, 2015), 110․