Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայոց ցեղասպանության թանգարանում կգործարկվեն աուդիոգիդեր և ռադիոգիդեր, որոնք թանգարանին նվիրաբերել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը:
Սեպտեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին հանձնեց 48 ռադիոգիդ և 30 աուդիոգիդ սարքավորումներ: Ի նշան երախտագիտության՝ պարոն Գևորգ Մաչանյանը ՀՑԹԻ հիմնադրամի կողմից պարգևատրվեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալով ու համապատասխան վկայականով:
2015 թվականին մշտական ցուցադրության բացումից հետո թանգարանում կիրառվում են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած տեխնոլոգիաներ: Աուդիոգիդերի ու ռադիոգիդերի նվիրատվությունը մաս է կազմում թանգարանի տեխնիկական վերազինման ու արդիականացման գործընթացի՝ միաժամանակ նպաստելով թանգարանային ընդունելությունների որակի բարձրացմանը: Ամեն տարի Հայոց ցեղասպանության թանգարանը սպասարկում է ավելի քան 100.000 այցելուի: Նրանց ճնշող մեծամասնությունը օտարերկրացիներ են, ովքեր ցանկություն են հայտնում ծանոթանալու ցուցադրությանը էքսկուրսավարների օգնությամբ: Աուդիոգիդերի գործածությունը հնարավորություն կտա ներկայացնելու բազմալեզու և ավելի ընդարձակ տեղեկատվություն: Հայոց ցեղասպանության թանգարանը նպատակ ունի առաջիկա տարիներին ապահովել նման տեղեկատվության մատուցումն առնվազն չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ինչպես նաև, հնարավորության պարագայում՝ գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն և այլ լեզուներով: