13.02.2024
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ Սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանի, Մ. Թ.-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:
Սըր Ջոն Ուիթինգդեյլը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին բրիտանացի իրավաբան, պատմաբան և դիվանագետ Ջեյմս Բրայսի հայանպաստ գործունեության մասին:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը Սըր Ջոն Ուիթինգդեյլին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: