13.03.2024
Մարտի 12-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Երիտթուրքերից մինչև նացիստներ. միջազգային քրեական արդարադատության ակունքներում» խորագրով միջոցառումը, որի ընթաքում բանախոսություններով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, ՀՑԹԻ առաջատար գիտաշխատող Էդիտա Գզոյանը և Գերմանիայի Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան Էռլանգեն-Նյուռնբերգի համալսարանի քրեական իրավունքի, միջազգային քրեական իրավունքի և միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր, Նյուռնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն Քրիստոֆ Սաֆերլինգը:
Բանախոներն իրենց ելույթներում ներկայացրեցին 1919 թ. մեկնարկած երիտթուրքերի և 1945 թ. մեկնարկած նացիստների դեմ դատավարությունների` միջազգային քրեական արդարադատության ձևավորման և զարգացման գործում ունեցած ազդեցությունների մասին: Երիտթուրքերի դեմ իրականացված դատավարությունները կարևոր դեր ունեն Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման և իրավական գնահատական տալու առումով, և որ հատկապես կարևոր է՝ թուրքական իշխանությունների՝ հայերին ոչնչացնելու մտադրության հենց թուրքական վկայություններն են:
Օրվա առաջին բանախոս Էդիտա Գզոյանն իր խոսքի սկզբում նշեց, որ մարդկության դեմ հանցագործություն հասկացությունը շրջանառության մեջ է դրվել Նյուռնբերգյան դատավարությունից դեռ տասնամյակներ առաջ. նախ 1915 թ. մայիսին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի կառավարությունները համատեղ ընդունած հռչակագրում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որակվեցին որպես մարդկության և քաղաքակրթության դեմ արարքներ, այնուհետև նշվում էր, որ թուրքական կառավարությունը պատասխանատվության է ենթարկվելու այդ կոտորածների համար: Իսկ արդեն Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1919 թ. Փարիզի խաղաղության վեհաժողովի Պատերազմի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և պատիժների կատարման հանձնաժողովի զեկույցում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև մարդկության դեմ հանցագործություններին նաև հայերի զանգվածային սպանությունների, տեղահանություների և բռնի իսլամացման համատեքստում: Այնուհետև բանախոսը ներկայացրեց 1919 թ. դատավարությունների արդյունքում և Սևրի պայմանագրում թուրքական իշխանությունների հայերի դեմ իրականացրած հանցագործությունների և դրանց համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները և արդյունքները:
Քրիստոֆ Սաֆերլինգը ներկայացրեց «Նյուռնբերգյան դատավարությունները և միջազգային քրեական իրավունքի ծնունդը» խորագրով դասախոսությունը: Նա նշեց, որ այս դատավարությունները և դրանց որոշումները մեծ դեր են խաղացել դասական միջազգային իրավունքից ժամանակակից միջազգային իրավունքի անցման փուլում, ապա հավելեց, որ դրանք հանգեցրին Նյուռնբերգյան սկզբունքների ճանաչմանը, որոնք ի վերջո հիմք դարձավ Միջազգային քրեական դատարանի ստեղծման համար:
Ելույթներից հետո ներկաները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղելու բանախոսներին:
Միջոցառման ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը հույս հայտնեց, որ ՀՀ անդամակցությունը ՄՔԴ-ին հնարավորություն կտա միջազգային իրավական հարթակներում պայքար մղել Արցախի ժողովրդի իրավունքների համար: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց գերմանաբնակ իրավաբան, հայ գերմանական փաստաբանական միության հիմնադիր Գուրգեն Պետրոսյանին հանդիպման համակազմակերպման համար: