Հալեպ. Մի ամերիկացի կրկնել է Սողոմոնի դատական իմաստուն սխրագործությունը նրա իսկ սեփական երկրում: Նա Կարմիր խաչի աշխատակից էր և ստիպված էր վճռել նույն հայցը, ինչ Սողոմոնը հազարավոր տարիներ առաջ: Ահա պատմությունը. Թուրքական կառավարության կողմից դեպի արաբական անապատ մեկ միլիոն հայերի աքսորի ժամանակ, թուրքերը սովորություն ունեին ճանապարհից առևանգել երեխաների, կանանց:
Չորս տարի առաջ մի հայ մայր իր փոքրիկ, գեղեցիկ երեք տարեկան դստեր հետ հազիվհազ անցնում էր Հալեպի փողոցներով: Մի թուրք դուրս վազելով իր տնից` ճանկեց երեխային, մինչդեռ գաղթականներին հսկող զինվորները, ստիպեցին երեխայի մորը շարունակելու ճանապարհը: Նախորդ ամիս մայրը վերադարձավ անապատից` փնտրելով իր փոքրիկին: Վերջինիս նա գտավ մի թուրքի տանը և պահանջեց նրան, բայց փոքրիկ աղջիկը, որն արդեն 7 տարեկան էր, չճանաչեց իր մայրիկին, իսկ թուրքը մերժեց հայ մոր պահանջը:
Այնուհետև խեղճ կինը դիմեց Ամերիկյան կարմիր խաչին, որը բրիտանական բանակի աջակցությամբ միջոցներ էր ձեռնարկում վերադարձնելու բոլոր գողացված և կորած երեխաներին: Նրանք բերեցին կորցրած աղջկան Կարմիր խաչի ապաստարան, և նրան վերադարձնելուն ուղղված երկու կողմերի պահանջները հայտնվեցին Կարմիր խաչի հովանավորության տակ գտնվող որբանոցի ղեկավարի սեղանին:
Հազարավոր տարիներ առաջ Սողոմոնն ունեցել է նմանատիպ մի հայց, երբ երկու մայրերը պահանջում էին նույն երեխային: Խնդիրը լուծելու համար Սողոմոնը հրամայեց մի զինվորի բաժանել երեխային երկու մասի` յուրաքանչյուր կնոջը մեկական մասը տալով: Այս ամենից հետո իսկական մայրը հրաժարվեց երեխայից` փրկելու համար վերջինիս կյանքը: Իմաստուն միապետն անմիջապես տվեց երեխային այն կնոջը, որը պատրաստ էր հրաժարվել երեխայից` փրկելու համար նրա կյանքը:
Կարմիր խաչի սպան, չէր օգտագործում այսպիսի դրամատիկ մեթոդներ, բայց նա ստացավ լավագույն արդյունքը: Նա փորձեց այլ ձևով պարզել երեխայի ինքնությունը: Նա ստիպեց կնոջը երգել որոշ հին օրորոցայիններ, որ նա երգել է իր երեխայի համար: Եվ երբ մայրն սկսեց երգել, երեխան ճանաչեց և՛ ձայնը, և՛ երգերը:
«Սողոմոնը վերադարձել է մեզ մոտ». սա էր հայ գաղթականների վճիռը:
«Կարմիր խաչի տեղեկագիր»
Վաշինգտոն, Օգոստասի 18, 1919 թ., հատոր III, համար 34, էջ 1