Օրերս Վատիկանի գաղտնի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին տեղեկացրել է, որ Վատիկանը պատրաստվում է բացել իր գաղտնի արխիվները։ 8-ից մինչև 20-րդ դարի երկրորդ կեսին վերաբերող գաղտնի արխիվները բացվելու են 2012թ. փետրվարին և ցուցադրվելու են «Lux in Arcana» ցուցահանդեսում։
Մոնսենյոր Սերջիո Պագանին նշել է նաև, որ հրապարակվելիք արխիվներում առկա են փաստաթղթեր` Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարասկզբին հայերի դեմ իրականացրած ցեղասպանության մասին։
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերում ներկայացված են թուրք զինվորների դաժան բռնությունները, որոնք ուղղակի անմարդկային են»,– ասել է Պագանին։
Պաշտոնական հայտարարությունից հետո Վատիկանի գաղտնի արխիվների պատասխանատուն հարցազրույց է տվել թուրքական «Vatan» օրաթերթի, որում մասնավորապես նշել է, որ 1896թ. Հռոմի Պապ Լեո 13-րդը սուլթանին կոչ է արել կարեկցանք ցուցաբերել և դադարեցնել իրականացվող ցեղասպանությունը։ Պագանին շեշտել է, որ Վատիկանի գաղտնի արխիվներում գտնվող Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը կհրապարակվեն մեկ հատորանոց առանձին գրքով և այդ գրքից որոշ օրինակներ է մեջբերել, ինչպես օրինակ.
Էրզրումցի մի ականատեսի վկայություն. «Տեսա, թե ինչպես են բազմաթիվ երեխաների կոտորում։ Իմ զարմիկը` երկու տարեկան երեխան ուսին պահած, փախչում էր տնից, սակայն նրա վրա կրակեցին՝ տապալելով գետնին։ Երկու զինվոր մոտեցան նրան և երեխայի աչքի առաջ սպանեցին...։ Տեսա, թե ինչպես են սպանում մեր քաղաքի հոգևոր առաջնորդին։ Աչքերը հանել էին, մորուքը՝ պոկել։ Մինչ նրան սպանելը` զինվորները ստիպել էին նրան պարել»։
Մուսթաֆա Սուլեյման անունով թուրք զինվորի վկայությունը. «Մտանք հայկական գյուղեր և առանց տարիք ու սեռ հաշվի առնելու բոլորին սպանեցինք։ Մեր հետ գյուղ եկած քրդերը թալանում էին հայերի տները։ Բազմաթիվ տարեց և հաշմանադամ հայեր թաքնվել էին քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցում, սակայն հրաման կար և նրանց էլ սպանեցինք։ Գելիեգուզան գյուղում 800 հայ սպանվեց կամ այրվեց։ Հայր Հովհաննեսի աչքերը հանել էին, մորուքը, քիթը և ականջները` կտրել։ Ես ոչ մի երեխա չեմ սպանել, նույնիսկ երկու երեխա եմ փրկել։ Նրանց երեք 3 օր թաքցրել եմ իմ վրանում, սակայն մի օր մտա վրան և նրանց մարմինները մասնատված գտա»։