Ֆրեզնոյի Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտչյանի նախաձեռնությամբ սահմանվել են մրցանակներ ՀՑԹԻ գիտաշխատողների համար՝ լավագույն հոդված, լավագույն մենագրություն և լավագույն ժողովածու կամ գրքի/ժողովածուի գլուխ և այլ անվանակարգերում:
Այս նախաձեռնության շրջանակներում, որը ՀՑԹԻ տնօրեն պրն. Հարություն Մարությանի կողմից բնութագրվեց «Գիտնականները գիտնականների համար», առաջին Տեր-Մկրտչյան մրցանակը կտրամադրվի 2019-2020 թթ. ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից հրատարակված լավագույն հոդված, լավագույն մենագրություն/հուշագրություն, լավագույն ժողովածու և լավագույն ցուցադրություն անվանակարգերում:
Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի և Շուշան Խաչատրյանի “Reclaiming Children after the Armenian Genocide: Neutral House in Istanbul” հոդվածը (Holocaust and Genocide Studies 33, no. 3 (2019)), Նարեկ Պողոսյանի «Հայոց ցեղասպանության խնդիրը Ռաֆայել Լեմկինի ուսումնասիրություններում» (Երևան, ՀՑԹԻ, 2020) և Շուշան Խաչատրյանի «Կրոնի դերը Հայոց ցեղասպանության իրագործման մեջ» (Երևան, Մայր Աթոռի հրատ., 2020) մենագրությունները, Ռեգինա Գալուստյանի և Ռոբերտ Թաթոյանի (Արամ Մանթաշյան: Արամը չէր կարող Սեյտո լինել Սոկրատ Մկրտչյան: Հուշեր (Երևան, ՀՑԹԻ, 2020)), Լուսինե Աբրահամյանի և Ռոբերտ Թաթոյանի (Հոշոտված Հայաստան: Ավրորա Մարդիգանյանի պատմությունը (Երևան, ՀՑԹԻ, 2020)) կողմից խմբագրված և հեղինակած (առաջաբանը և ծանոթագրությունները) հուշագրությունները, «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» հոդվածների ժողովածուն՝ (Երևան, ՀՑԹԻ, 2020) Հարություն Մարությանի և Նարինե Մարգարյանի խմբագրությամբ և ՀՑԹԻ ութ հեղինակների հոդվածներով, և Սեդա Պարսամյանի ու նրա գործընկերների կողմից պատրաստված «Հայոց ցեղասպանության թանգարան-ինտիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը ընտրվեցին որպես 2019-2020 թթ. համար առաջին Տեր-Մկրտչյան մրցանակի հաղթողներ:
2021 թ. և դրանից հետո (առնվազն երեք տարի) Տեր-Մկրտչյան մրցանակը կտրամադրվի ՀՑԹԻ գիտաշխատողներին հետևյալ երեք անվանակարգերում.
1. Հոդվածներ, տպագրված Web of Science և Scopus գիտատեղեկատվական հարթակներում ինդեքսավորված ամսագրերում։
2. Մենագրություններ, ժողովածուներ, գրքերի գլուխներ՝ հրատարակված Book Citation Index-ում առկա հրատարակիչների կողմից:
3. Գրքեր (մենագրություններ, կոլեկտիվ մենագրություններ, հոդվածների ժողովածուներ, հուշագրություններ)՝ հաստատված ՀՑԹԻ գիտական խորհրդի կողմից:
Մեծապես շնորհակալ ենք պրոֆ. Բարլոու Տեր-Մկրտչյանից այս հիանալի նախաձեռնության համար և շնորհավորում ենք հաղթողներին:
Ֆրեզնոյի Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Բարլոու Տեր-Մկրտչյանը