13.11.2019
Նոյեմբերի 8-ին ՀՑԹԻ կազմակերպած «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» միջազգային գիտաժողովի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ՀՑԹԻ գիտքարտուղար, գիտաժողովի և ցուցադրության համադրող Նարինե Մարգարյանը:
ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում կարևորեց հայերի կողմից հայերի փրկման պատմությունները վեր հանելու, հայկակական գործոնի շեշտադրման, դրանց մասին խոսելու, հպարտանալու անհրաժեշտության մասին.
«Մենք միշտ շեշտել ենք օտարների մասնակցությունը, օտարների ձեռնարկումները, ինչը շատ կարևոր է ու մենք երախտապարտ ենք նրանց, բայց վաղուց ժամանակն է գնահատել հայերի փրկության գործում հենց հայության դերակատարումը»:
ՀՑԹԻ գիտքարտուղար, գիտաժողովի և ցուցադրության համադրող Նարինե Մարգարյանը ցուցադրության կազմակերպումը հնարավոր դարձնելու համար շնորհակալություն հայտնեց և՛ հիմնական հովանավոր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը, և՛ աշխատակիցներին, և՛ ՀՑԹԻ գործընկեր-կազմակերպություններին.
«Նյութն անսպառ է, կան բազմաթիվ տեղեկություններ, փաստեր, պատմական իրադարձություններ, որոնք կարիք ունեն լուրջ ուսումնասիրության: Այս ցուցադրությունն այդ հսկայածավալ նյութի ընդամենը մի փոքր մասն է: Մերձավոր Արևելքում ծավալված հայերի կողմից հայերի փրկության կազմակերպումը միասնականության բացառիկ դրսևորում է, որն, իհարկե արժանի է ըստ արժանվույն հանրայնացվելու»:
Ցուցադրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն: Տասը հիմնական և երկու ընդարձակ, վիճակագրական տվյալներ պարունակող խորագրերից կազմված ցուցադրության միջոցով հանրայնացվելու են գիտական նեղ շրջանակներին հայտնի տեղեկություններ, եզակի արխիվային նյութեր:
Ցուցադրության հիմնական խորագրերն են՝ Միասնության ուժը. հանուն հայության բեկորների փրկություն, Որբախնամ գործը Հայաստանի Հանրապետությունում (1918-1920) և Խորհրդային Հայաստանում (1920-1923), Կովկասի հայկական կազմակերպությունների գործունեությունը, Հայ որբախնամ ընկերություն, Հայկական կարմիր խաչ, Միջագետքի հայ տարագրելոց հանձնախումբ, Հայ ազգային միություն, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, Հայ ավետարանական համայնքի գործունեությունը, Հայ կաթոլիկ համայնքի գործունեությունը, Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանի գործունեությունը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունը:
Սրահում ցուցադրվում է նաև «Անապատի ագռավներ. հերոսի ճանապարհորդությունը Հայոց ցեղասպանության միջով» փաստավավերագրական ֆիլմից մի հատված՝ հիմնված Լևոն Յոթնեղբարյանի հուշերի վրա: Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր՝ Մարթա Հաուզկի: Ֆիլմը նկարահանվել է որբախույզ Լևոն Յոթնեղբարյանի թոռան՝ Լևոն Փարյանի նախաձեռնությամբ:
Ցուցադրության շրջանակներում ներկայացված է բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում:
Առանձին խորագրերով լուսաբանված են հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը: Ներկայացված են նաև հայկական կազմակերպություների` ՀԲԸՄ, Հայ ազգային Միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները:
Ընդարձակ խորագրով ներկայացված են այն անհատները, ովքեր Միջագետքի անապատներում, Արևմտյան Հայաստանի տարածքում զբաղվել են որբահավաք աշխատանքներով, որբերի, կանանց ապաստարանի ու կեցության հարցերով:
Ինչպես նշեցինք, ցուցադրությունը հագեցած է արխիվային բացառիկ նյութերով՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ցուցանմուշներ` հիմնականում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի, Երևանի պատմության թանգարանի և ՀՑԹԻ-ի աշխատակից Միհրան Մինասեանի հավաքածուներից:
Ցուցադրությունն ընդգրկում է նաև որբերի թվաքանակի հետ կապված վիճակագրական տվյալներ: Ցուցադրված են որբանոցային հուշեր, մինչ այս շրջանառության մեջ չդրված լուսանկարներ, ինչպես նաև գաղթի ճանապարհի իրեր, որբանոցային առարկաներ, որբերի ձեռքով արված ասեղնագործություններ:
«Ցուցադրության նպատակն է վեր հանել այն կարևոր դերակատարումը, որը դրսևորեց հայ ժողովուրդը ցեղասպանության տարիներին: Փրկության գործն իրական դարձավ հայության համախմբվածության և մեկ միասնական գաղափարով առաջնորդվելու շնորհիվ` վերականգնելով ազգային ինքնությունը, որը և հիմք դրեց ազգային վերածննդի»,- նշում է ցուցադրության համադրող, պ.գ.թ. Նարինե Մարգարյանը։
Ցուցադրության հովանավորն է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը: Ցուցադրությունը գործելու է մինչև 2020 թ. ապրիլ ամիսը:
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին