13.10.2022
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Երևանի գրասենյակի աշխատակիցները Արեն Դեյիրմենջյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Նրանց դիմավորեց ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանը «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրության սրահում ներկայացրեց այցի նպատակը և շնորհակալություն հայտնեց թանգարանի աշխատակիցներին հրավերի համար:
Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, ցուցադրության հեղինակ Թեհմինե Մարտոյանը նույնպես ողջունեց ներկաներին՝ կարևորելով և բարձր գնահատելով նրանց այցը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Թեհմինե Մարտոյանն արժևորեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի միջև համագործակցությունը՝ հույս հայտնելով որ այն շարունակական կլինի:
Ներկայացնելով ցուցադրության նպատակն ու հիմնական դրույթները՝ հեղինակն անդրադարձավ Զմյուռնիայի հայերի ու հայերի խաղաղ կյանքին, բնաջնջման և հրկիզման պատմությանը, մշակութային ժառանգության ոչնչացմանը, փրկության գործընթացին, տարագրությանն ու հայրենադարձությանը և վերապրողների ընտանիքների պատմություններին:
Թեհմինե Մարտոյանը հատուկ անդրադարձ կատարեց «Հայ Ավետարանական եկեղեցիները Զմյուռնիայում» խորագրով պաստառին՝ կարևորելով Զմյուռնիայի Հայ Ավետարանական եկեղեցու հովվությունը ստանձնած վեր. Հարություն Ճինիշյանի, պատվելի Գայեոս Քեմալյանի, վեր. Մարտիրոս Իգնատիոսյանի, վեր. Հակոբ Թաշճյան Կեսարացու ներդրումը համայնքի կյանքում: Այնուհետև նշեց, որ 1922 թվականից Զմյուռնիայի Հայ Ավետարանական համայնքի հովիվ վեր. Աբրահամ Հարթունյանը՝ որպես ականատես-վերապրող, գրի է առել Զմյուռնիայի ոճրագործության մանրամասները:
2022 թ. սեպտեմբերի 14-ից 16-ը տեղի ունեցած «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովն ու համանուն խորագրով ժամանակավոր ցուցադրությունն իրականացվել են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայկական բարեգործական ընդհանուր միության մեկենասությամբ: