14.04.2014
Ապրիլի 9-11-ը Բուենոս Այրեսում` Բորխեսի մշակութային կենտրոնում, Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանու ներքո անցկացվեց «Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպել էին Բուենոս Այրեսի պետական համալսարան Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնը և Բուենոս Այրեսի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը:
Միջազգային համաժողովին մասնակցում էին Արգենտինայի, Հայաստանի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի համալսարանական, ակադեմիական և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ:
Համաժողովին իրենց մասնակցությունն ունեցան նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը և գիտաշխատող Նաիրա Մելիքսեթյանը: Սուրեն Մանուկյանն ելույթ ունեցավ «Դյուրացնելով սպանության գործընթացը: Ապամարդկայնացումն իբրև որոշիչ գործոն» թեմայով, իսկ Նաիրա Մելիքսեթյանը ներկայացրեց «Տեղահանության ժամանակավոր օրենքը որպես ցեղասպանական քաղաքականության մաս» զեկույցը:
Համաժողովի ընթացքում անցկացրեցին քննարկումներ ցեղասպանությանն առնչվող իրավական, քաղաքական թեմաների վերաբերյալ, ինչպես նաև հատուկ անդրադարձ եղավ ժխտողականությանն ու դպրոցներում ցեղասպանության թեմայի դասավանդման խնդիրներին: