14.07.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության գերագույն դատարանի դատավոր, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անդամ պարոն Մարտին Քայերը հուլիսի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որից հետո շրջայց կատարեցին թանգարանում: Մարտին Քայերն առանձնակի ուշադրությամբ ծանոթացավ «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը, որի հեղինակը հոլանդացի հետազոտող Դիրք Ռոոդզանտն է:
Այցի ավարտին պարոն Մարտին Քայերը նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: