Այսօր ժամը 12-00-ին, Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Ցուցադրության բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը. «Զմյուռնիայի հրդեհը ազդարարեց նոր պետության ծնունդը, որն աշխարհի քարտեզին հայտնվեց երիտթուրքերի ցեղասպան քաղաքականության արդյունքում: Այսպիսով, Զմյուռնիայի աղետը Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը հանդիսացավ` ազդարարելով նաև «Թուրքիան` թուրքերին» քեմալականների պետականաստեղծ ծրագրի սկիզբը»:
Միջոցառմանը ողջույնի և երախտիքի խոսք ասեց նաև ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Վասիլիկի Դիկոպուլուն:
Զմյուռնիայի աղետի 90-ամյա տարելիցին նվիրված ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են զմյուռնիահայ կյանքին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, փոստային բացիկներ, ինչպես նաև ՀՑԹԻ հավաքածուի մաս կազմող բնօրինակ լուսանկարներ, թերթեր, որոնք ներկայացնում են քեմալականների կողմից 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը և կոտորածները, որոնց զոհ գնացին տասնյակ հազարավոր հայեր և հույներ:
Ժամանակավոր ցուցադրության բացումից հետո ՀՑԹԻ Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ գիտական նիստ նվիրված Զմյուռնիայի աղետին: Զեկույցներով հանդես եկան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, Վերժինե Սվազլյանը, ՀՑԹԻ գիտաշխատողներ Թեհմինե Մարտոյանը և Գևորգ Վարդանյանը՝ անդրադառնալով Զմյուռնիայի աղետին, հայ ժողովրդի պատմական հիշողությանը, թուրքական ցեղասպան գործողություններին, ինչպես նաև հայերի և հույների ցեղասպանությունների առանձնահատկություններին:
Գիտական նիստի ավարտին եղավ նաև գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի դիտում՝ նվիրված Զմյուռնիայի հայ և հույն բնակչության հիշատակին: