14.09.2022
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկեց
«Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը (համակազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Բեյրութի Հայկազյան համալսարան, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոն):
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը.
«Այսօր, ադրբեջանական անթաքույց ագրեսիայի օրերին, մենք գումարում ենք գիտաժողով՝ նվիրված 100 տարի առաջ տեղի ունեցած մեկ այլ՝ թուրքական ագրեսիայի հետևանքներին: 100 տարի առաջ զոհվում էին հազարավոր անմեղ քաղաքացիներ, այսօր՝ իրենց մարտական դիրքերում Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանող հայ զինվորներ։ Մեր այսպես կոչված հարևանների ագրեսիվ պահվածքը չի փոխվել. նրանք այսօր էլ դավանում են նույն «արժեքները», ինչ 100 տարի առաջ։ Ու դա մենք պետք է հստակ գիտակցենք մեր հարաբերությունները կառուցելիս»,– նշեց նա: Հարություն Մարությանի առաջարկով՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը:
Ներկաներին տեսակապով ողջունեց Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի Պոնտագիտության ամբիոնի պրոֆեսոր Կիրիակոս Խացիկիրիակիդիսը.
«Հայերի և հույների բարեկամությունը դարերի պատմություն ունի, որը հիմնված է փոխադարձ վստահության վրա: Այս գիտաժողովը մեկ անգամ ևս փաստում է այդ հանգամանքը»: Ապա ավելացրեց, որ ինչպես 1922 թ. Զմյուռնիայում, այնպես էլ այս օրերին երկու ժողովուրդների ընդհանուր թշնամի Թուրքիան շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր, Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանը և նշեց, որ մարդկությունը պետք է ճանաչի անցյալը ոչ միայն հարստությամբ և բարիքներով, այլև աղետներով: Այս գիտաժողովը, Վեր. Փոլ Հայդոսթյանի համոզմամբ, վեր կհանի Զմյուռնիայի գրական, պատմական, եկեղեցական, քաղաքական և տնտեսական կյանքը:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Զմյուռնիայի հայ գաղթավայրի ուսումնասիրման ոլորտում ունեցած ներդրման համար գիտաժողովի առաջին օրվա հիմնական զեկուցող Ալբերտ Խառատյանին, ինչպես նաև հույն հետազոտող Ջորջ Պուլիմենոսին պարգևատրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալով:
Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած
«Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը:
Հարություն Մարությանը և ժամանակավոր ցուցադրության հեղինակ, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը ներկայացրեցին ցուցադրության հիմնական դրույթները:
Թեհմինե Մարտոյանն իր խոսքում ընդգծեց.
«Զմյուռնիան, որ միջնադարում արժանացել է «Արևելքի աստղ», «Արևելքի փոքր Փարիզ», «Հոնիական ծովի թագուհի» և այլ կոչումների, մեծ հռչակ վայելող քաղաք էր: Ժամանակավոր ցուցադրությունն ինքնին հերքում է այն վարկածներից մեկը, որ շահարկում է թուրքական ժխտողական պատմագրությունը, թե իբր հայերն ու հույներն են հրկիզել քաղաքը»։
Ցուցադրության բացմանը ներկա էին ականատես-վերապրողների ժառանգները: Ավետյան ընտանիքի անդամները Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնեցին Բրուսայի շերամաբուծական վարժարանի ավարտական վկայականի կրկնօրինակը՝ տրված իրենց մեծ հորը՝ Մկրտիչ Ավետյանին:
Տասներեք պաստառից կազմված երկլեզու (հայերեն և անգլերեն) ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերի, Հայաստանի ազգային արխիվի, Նուբարյան գրադարանի, «Արմենիկա» ամսագրի արխիվի, Սվազլյան, Ավետյան, Բերբերյան, Բարթիկյան, Ղազերյան ընտանիքների արխիվների շուրջ երեք տասնյակ բնօրինակ փաստաթղթեր, լուսանկարներ, գրքեր, վերապրողների, օտարերկրացի միսիոներիների անձնական իրեր:
Ներկայացված բնօրինակ ցուցանմուշներում կարևոր տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի փաստագրական հարուստ նյութը, որ քեմալական վարչակարգի հանցագործ քաղաքականության փաստացի վկայությունն է:
Միջազգային գիտաժողովն ու ժամանակավոր ցուցադրությունն իրականացվում են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայկական բարեգործական ընդհանուր միության մեկենասությամբ:
Ցուցադրությունը գործելու է մինչև 2023 թ. ապրիլի 20-ը: