15.03.2015
Այս բացառիկ լուսանկարն արվել է Սողոմոն Թեհլերյանի դատավարության նիստերից մեկի ժամանակ՝ 1921 թվականի հունիսին, Բեռլինում:
Հայերի հանդեպ կատարած ոճրագործությունների համար դատական պատասխանատվությունից խուսափած երիտթուրք հանցագործներին պատժելու նպատակով ձեռնարկվեց «Նեմեսիս» գործողությունը:
1921 թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին: Վերջինս ծպտյալ Գերմանիա էր տեղափոխվել՝ փոխելով արտաքինը և անձնական տվյալները:
1921 թ. հունիսին Բեռլինում կայացավ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որը տևեց երկու օր: Դատավարության ընթացքում Թալեաթի դեմ վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր: Ս. Թեհլերյանին պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբանները: Դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը հայերի բնաջնջման և տեղահանության հրամաններ էր տալիս:
Դատավարության ընթացքում բերված փաստերի ու վկայությունների արդյունքում գերմանական դատարանն արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին:
Դատավարությանը մասնակցում էր նաև երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ում կյանքում Թեհլերյանի գործը ճակատագրական նշանակություն ունեցավ. տարիներ անց արդեն փորձառու իրավաբանն ստեղծեց «գենոցիդ» եզրույթը, և նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1948 թվականին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան:
«Ինքը՝ Սողոմոն Թեհլերյանը, միայն խորհրդանիշ է, հյուլե, ում մեջ կենտրոնացված է քամահրված ռասայի ցավը, և ով հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է լուծում:»:
Արմին Թեոֆիլ Վեգներ
1915-16թթ. օսմանյան բանակում ծառայող գերմանացի սպա
Հայոց ցեղասպանության ականատես
Լուսանկարի աղբյուրը՝ Tessa Hofmann, Armenier in Berlin-Berlin und Armenien, Berlin, 2005.
«100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒՅԹՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» գրքից