Զապել Այվազյանը (ամուսնական ազգանունը՝ Ճեպեճյան) Հայոց ցեղասպանության վերապրող-ականատեսներից է, ով անցել է գաղթի ճանապարհի իրեն բաժին հասած դժվարությունները: Ցեղասպանության տարիներին Զապելի 50 հոգանոց հայրական գերդաստանից վերապրել են 15-ը, իսկ մայրական 80 հոգանոց գերդաստանից 16-ին է միայն հաջողվել փրկվել։
Զապել Այվազյանը ծնվել է Այնթափում, 1910 թվականին: Նրա հուշագրությունը սկսվում է Այնթափի իր հայրական նորակառույց տան նկարագրությունով, որտեղ դեռ չէին հասցրել բնակվել և որտեղից էլ բռնում են գաղթի ճանապարհը։ Ոստիկանները նրանց հայրենի տնից դուրս են հանում և դուռը կնքում: Զապելը հիշում է, որ ինքն ու գրեթե մեկուկես տարեկան քույրն ավանակի վրա նստած, իսկ եղբայրն ու ծնողները` քայլելով դուրս են գալիս հայրենի քաղաքից։
Այնթափից շոգեկառքով թուրքերը նրանց տեղափոխում են Հալեպ, մինչդեռ իրենցից հետո՝ քաղաքի բնակչությանը հիմնականում տարել են Դեր Զոր և սպանել։ Զապելը հիշում է Թալեաթի նամակն ուղղված Հալեպի կառավարչին, համաձայն որի հրահանգված էր տեղի բոլոր հայերին անխտիր կոտորել: Վերջինս հրամանը չի կատարել՝ հրաժարվելով իր պաշտոնից:
Մեկ-երկու ամիս Հալեպում հիվանդանոցի կիսախարխուլ շենքում ապրելուց հետո կեսարիացիների ու այլ բնակավայերից հասած գաղթականների հետ միասին թուրքերը բոլորին շոգեկառքով տեղափոխում են Համա: Հուշագիրը պատմում է, որ ճամբարում մահացողների թիվը մեծ էր, տիֆով վարակվածներից շատերին հիվանդանոց տեղափոխելու պատրվակով տանում ու թունավորում էին: Նրանց համար մեծ փոս էին փորում, դիակները լցնում մեջը, քահանան «Հայր Մեր» էր ասում ու թաղում էին:
Հետո Զապելի ընտանիքը տեղափոխվում է Սելիմիե, որտեղ ապրում են մոտ չորս տարի, տարբեր ծանր աշխատանքներով օրվա ապրուստի գումար հայթայթում. հայրն անտառից փայտ է հավաքել, վաճառել (շուտով հայրը տիֆից մահանում է), մայրը տեղի արաբներից մեկի տանն է աշխատել՝ օրական երկու հացի դիմաց, եղբայրը հովիվ է եղել ու իր օրվա մի կտոր հացն այդպես է վաստակել: Հուշագիրն ու քույրն էլ դաշտերից խոտ են հավաքել ու կերել՝ ուշադրություն չդարձնելով, որ կարող է խոտը թունավոր լինել։
Զապելն անդրադառնում է Ներքին գործերի նախարար Թալեաթի հրամանին՝ ըստ որի տեղի հայերը պետք է կամ իսլամանային, կամ՝ սպանվեին: Նրա ծնողներն էլ հարկադրաբար մզկիթ են գնացել, մուսուլմանական անուններ են ստացել, անգամ փոքրերին են մուսուլմանական անուններ տվել:
Պատերազմն ավարտվելուց հետո մայրը երեխաների հետ Համայից հարյուրավոր հայերի հետ ճամփա է ընկնում դեպի Հալեպ. ցերեկները քայլում են, գիշերները՝ անապատներում քնում ու ութ օր անց հասնում Հալեպ: Հորեղբայրներից մեկը որպես արհեստավոր զինվոր ծառայել է Հալեպի թուրքական զորանոցում, որտեղից ուտելիքի մնացորդներ էր բերում: Շուտով հորեղբոր հետ իրենք էլ են որոշում Այնթափ վերադառնալ: Ճանապարհին՝ Քիլիսի մոտակայքում, մի թուրք հրացանով վիրավորում է մոր ոտքը, այնուհետև բռնությամբ իր հետ է տանում, իսկ երեխաները միանում են քարավանին ու հասնում Այնթափ։ Շուտով մորը հաջողվում է փախչել ու հասնել զավակներին: Նրանք քաղաքն ավերված ու թալանված են գտնում: Այդ ընթացքում թուրքերն ամենուր փնտրում ու ձերբակալում էին հայերին՝ պատճառաբանելով, որ եկողներին հետ են ուղարկում: Մայրը հերթական փորձությանն է ենթարկվում՝ նրան թուրք զինվորները ձերբակալում են ու բանտ տանում: 4-5 ամիս հետո իմանում են, որ մորը և նրա նման շատերին աքսորել են Համա, որտեղից նրան հաջողվել է փախչել մյուս հորեղբոր տուն, սակայն հյուծված ու տևական ժամանակ սովի մատնված լինելու պատճառով, առաջին իսկ օրը հորեղբոր տանը մահացել է:
Որոշ ժամանակ երկու քույրերն Այնթափի որբանոցում են մնում, հետո հուշագիրը տեղափոխվում է Հալեպի հայկական որբանոց, իսկ քույրը՝ Անթիլիասի որբանոց:
Հուշագիրը նշում է, որ մոտ 2000 հայ երեխաներ էին ապաստան գտել Վերապատվելի Ահարոն Շիրաճյանի որբանոցում: Զապելը հետաքրքիր մանրամասներ է հաղորդում որբանոցային կյանքի մասին: Նա կարևորում է այնտեղ ստացած իր ուսումը, հայոց պատմության, հայ եղեկեցու պատմության ու աշխարհագրության դասերը: Զապելը խոր ակնածանքով է խոսում Այնթափի ինքնապաշտպանության ղեկավարներից Ներսես քահանա Թավուգճյանի հայ եկեղեցու պատմության դասերի մասին, երբ դասի ժամանակ ասում էր.
«Գիրք չունիք, ես պիտի պատմեմ, թուականները, պատահարները նօթագրեցէ՛ք»:
Դասերից հետո որբանոցում Այնթափի գորգագործություն և ասեղնագործություն է սովորում։ Հիշում է, որ իր ասեղնագործությունը նվիրել են որբանոց այցելած Սիրիայի ֆրանսիական կառավարչին։ Չորս տարի որբանոցում մնալուց հետո, երբ որբանոցը փակվում է, 1924 թ. մոտ 40 աղջիկ որբեր, որոնք ոչ մի հարազատ չունեին, կաթոլիկ մայրապետների գորգի գործարանում են սկսում աշակերտել՝ արագ վարպետանալով իրենց գործի մեջ:
Հետո տեղափոխվում են Այնթափցիների հայրենակցական միության կողմից 10 տարով վարձակալված տարածք: Այստեղ ապրում է Այնթափի ինքնապաշտպանությանը մասնակցած եղբոր հետ՝ իրենց կառուցած փոքր սենյակում, որի մի անկյունում եղբայրը հոր արհեսն էր շարունակում՝ կերպասագործությամբ էր զբաղվում: 1928 թվականից աշխատում է Հալեպի Այնթափի կրթասիրաց դպրոցում՝ որպես ուսուցչուհի, 1930 թ. ամուսնանում է, ընտանիք կազմում:
Այսպիսով, Ցեղասպանությունը վերապրած յուրաքանչուր ոք յուրովի է անցել իրեն վիճակված դժբախտությունների, ծանր վերապրումների ու կորուստների ճանապարհը՝ յուրովի հաղթահարելով ցեղասպանության արհավիրքները: Զապել Այվազյան-Ճեպեճյանն էլ մեկն էր այն հայերից, ում հաջողվել է վերապրել, շարունակել իր գերդաստանի պատմությունը:
Նրա հուշագրությունը կարևոր սկզբնաղբյուր է Հայոց ցեղասպանության պատմության, մասնավորապես սիրիական անապատներում դեգերող գաղթականների առօրյայի, որբանոցային կյանքի մանրամասների տեսանկյունից: Ներկայացված են տվյալներ Այնթափի հայ բնակչության տեղահանությունների, Աշխարհամարտի ավարտից հետո հայ գաղթականների դեպի հայրենի օջախներ հետ վերադարձի, հայերի իսլամացման, կանանց հետապնդումների, առևանգման ու խոշտանգումների ենթարկման և թեմային առնչվող այլ մանրամասներ, որոնք ուսումնասիրողների համար կարող են հարուստ նյութ լինել:
Զապել Այվազյան-Ճեպեճյանի հուշագրության տեսաերիզը պահպանվում է Զորյան ինստիտուտում, իսկ տեսաերիզից սղագրված տարբերակը 2005 թ. ՀՑԹԻ ֆոդերին է նվիրել նրա դուստրը՝ Ազնիվ Ճեպեճյանը:
«Համայ տարին, Համան անապատ տէղ մը մեզ ձգէցին։ Այնտէղ մայրիկս մէկ երկու սաւան ունէր, վրան շինէց տակը ապաստանեցանք, ուրիշներ այդ վրանն ալ չ’ունէին։ Շուրջդ նայիս, ամբողջ հայութիւն, վրաններու տակ կամ արևին տակը գիշէրն ալ բացօդեայ։ Առտուն կելլէինք ... նայինք որ ամէն առտու քանիներ մեռած են։ Թիֆուս հիւանդութիւն եղաւ, անոնք որ հիւանդ էին կառավարութիւն հաւաքեց որ հիւանդանոց տանի առողջացնէ, հոն թունաւորեցին...»:
«… Օր մըն ալ վերէն հրաման կուգայ որ այդ տեղի հայերը ամէնը ջարդին կամ մահմեդական ըլլան ... Մայրս, հայրս ճամի գացին, բոլոր հայ մեծերը, հոն անուննին բոխած են, քանի պզտիկ ունին, ամենուն մահմեդական անուններ կուտան։ Անկէ անդին որևէ ճնշում չի բանեցուցին, մզկիթ գացէք, մօսլէմի պէս աղօթեցէք չի պարտադրեցին։ Միայն պաշտօնական մօսլիմ եղած ենք, բայց հայ ապրեցանք»։
Նարինե Մարգարյան
ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.
Այնթափի համայնապատկերը և Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին. փոստային բացիկ. ՀՑԹԻ հավաքածու
Այնթափի օրիորդաց վարժարանի ավարտական դասարանը. ՀՑԹԻ հավաքածու
Այնթափի ինքնապաշտպանության մի խումբ մասնակիցներ. ՀՑԹԻ հավաքածու
Տեր Ներսես ավագ քահանա Թավուգճեան. Պատմութիւն Անթէպի Հայոց, Լոս Անջելես, հատոր Բ, 1953:
Թուրք զինվորականների նահանջն Այնթափից. ՀՑԹԻ հավաքածու
Այնթափի խմբանկար Այնթափի որբանոցի սաների, որոնք 1920 թ. տեղափոխվել են Ջբեյլ:
Հալեպի հայկական որբանոցի սաների ավագ խմբի որբուհիները Վերապատվելի Ահարոն Շիրաճյանի հետ. ՀՑԹԻ հավաքածու