15.06.2024
Բանախոս՝ Ռեգինա Գալուստյան, ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Թուրք բժիշկների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը
Դպրոց՝ Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Հունիսի 15-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2024 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի «Թուրք բժիշկների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը» վերնագրով դասախոսությունը: Ռեգինա Գալուստյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի նկատմամբ իրականացված բժշկական փորձարկումներին: Բանախոսը նշեց, որ Օսմանյան կայսրությունում իշխող Միություն և առաջադիմություն կուսակցության մեջ որոշումներ կայացնողների մեջ լուրջ դերակատարում ունեին մասնագիտությամբ բժիշկներ՝ դոկտորներ Նազըմը, Բեհաէդդին Շաքիրը, Ռյուսուխին:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: