15.08.2023
Այս տարի առաջին անգամ ՀՑԹԻ նախաձեռնությամբ օգոստոսի 7–ից 11–ը տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում կազմակերպված Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարք: Մինչ այս նման միջոցառումների շարքեր իրականացվել էին Հոլոքոստի և Հույների ցեղասպանության հիշատակի առթիվ:
Օգոստոսի 7-ին Երևանում գտնվող ասորիների ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ ի հիշատակ Ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի: Հայաստանի ասորական համայնքի անդամների հետ միասին ներկա էր նաև ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, և այլք։
Օգոստոսի 10–ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Ֆլորիդայի միջազգային համալսարանի Իրավունքի քոլեջի պրոֆեսոր Հանիբալ Թրևիսի հեռավար դասախոսությունը «Ասորիների ցեղասպանությունը. պատմություն, ժամանակագրություն և ժառանգություն» թեմայով: Բանախոսության ընթացքում Հանիբալ Թրևիսն անդրադարձ կատարեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ասորիների զանգվածային կոտորածներին, որոնք թուրքերն և քրդերն իրականացրել են ոչ միայն կայսրության տարածքում, այլ նաև դրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուրմիայում և Սալմաստում: Նա նշեց, որ հայերի պես ասորիները կոտորածի են ենթարկվել նաև սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կառավարման տարիներին:
Արդեն օգոստոսի 11-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Արա Քեթիբյանի կազմած The Assyrian Genocide: Reports from the U.S. Press (1894-1923) («Ասորիների ցեղասպանությունը. հաղորդումներ ամերիկյան մամուլից (1894-1923)» գրքի շնորհանդեսը:
Այս հատորը 1894-1923 թվականների ամերիկյան տարբեր թերթերից քաղված լուրերի և հոդվածների ժողովածու է, որոնք վերաբերում են ասորի ժողովրդի հալածանքներին: Այն փաստում է, որ ասորիները Օսմանյան կայսրությունում ենթարկվել են կոտորածների: Այս ժողովածուն նաև փաստագրական հիմք է տալիս՝ դիմակայելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Պարոն Քեթիբյանն իր կազմած գրքի երկու օրինակը հանձնեց ՀՑԹԻ գրադարանին, որտեղ թեմայով հետաքրքրվողները կարող են ծանոթանալ աշխատությանը:
Այս միջոցառմամբ ամփոփվեց Ասորիների ցեղասպանության հիշատակին նվիրված շաբաթը։