16.02.2022
Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)
Դպրոց՝ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան
Փետրվարի 11-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում մեկնարկեց դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2022 թ. անդրանիկ հանդիպումը: ՀՑԹԻ գիտքարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանն աշակերտներին ներկայացրեց «Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)» թեմայով դասախոսություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Ցեղասպանության տարիների ամենախոցելի խմբի՝ հայ երեխաների կյանքի տարբեր դրվագներին՝ գաղթի ճանապարհից մինչև թուրքական որբանոցներ, ձուլման վտանգից մինչև վերադարձ հայ ինքնությանը։
Քննարկվեց նաև հայկական և օտարերկրյա կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված որբահավաք գործունեությունը:
Մատնանշվեց նաև Ցեղասպանությունը վերապրած երեխաների ունեցած ներդրումը հայկական սփյուռքի վերաձևավորման, հզորացման գործում, արժևորվեց այդ սերնդի թողած գրական և հուշագրական ժառանգության դերը, որն այսօր ուսումնասիրողների համար սկզբնաղբյուրային նշանակություն ունի։
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում դպրոցականները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: