16.02.2023
Դատաստանս եղաւ վճռական ու կարճ,
Դռները բոլոր փակւեցան յանկարծ,
Այս լաւ աշխարհում իմ բաղտը խոսցան
Ինձ բաժին թողուց արաբիոյ ճամբան:
Հայոց ցեղասպանության պատմության կարևոր մաս են ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունները: Վերջիններս ևս մեկ անգամ փաստում են ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև բացահայտում են նոր մանրամասներ: ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում պահվող Ցեղասպանությունը վերապրած Արուսյակ Մանվելյանի հուշագրությունը սեբաստահայերի գաղթի, նրա բազմանդամ ընտանիքի գաղթի պատմությունն է:
Արուսյակ Մանվելյանը ծնվել է 1904թ. մայիսի 25-ին Սիվասում: Տասնամյա Արուսյակի ընտանիքի անդամներից ողջ են մնացել չորսը՝ մայրը, քույրը՝ Արշալույսը, եղբայրը՝ Սեպուհը և ինքը:
Արուսյակը հուշագրությունը գրել է մոր պատգամով: Մայրը խնդրել էր, որ երեխաներից ով ողջ մնա, գրի առնի իրենց տեսած և ապրած տառապանքների մասին: Արուսյակն իր հուշագրությունը վերնագրել է «Գողգոթան. Սեբաստիայի գաղթը, տառապանքի ճամփան»:
Արուսյակը պատմում է տեղահանությունների ճանապարհին թուրքերի, չերքեզների, քրդերի կողմից հայ կանանց և երեխաների նկատմամբ իրականացված բռնությունների, երեխաների առևանգումների, թալանի մասին, որին միանում էին նաև քարավանները հսկող ժանդարմները: Նա հիշում է, թե ինչպես էին մոտակայքում գտնվող քաղաքների և գյուղերի ժողովուրդը հավաքվում և փորձում ինչ-որ կերպ վերցնել հայ երեխաներին՝ գողանում էին, գնում չնչին գումարներով, փոխանակում ջրի կամ սննդի հետ: Ծնողները երբեմն տղաներին փրկում էին՝ աղջկա հագուստ հագցնելով, ականջները դակելով: Արուսյակի պարագայում տեղի է ունենում հակառակը: Սեբաստիայից դեպի Ղանզալ ճանապարհին չերքեզները թուրք ժանդարմների հետ պայմանավորվում են Արուսյակին իրենց հետ տանել, սակայն մայրը աղջնակին կարողանում է երեք-չորս օր թաքցնել կառքերից մեկում, այնուհետև, կտրելով մազերը, նրան ներկայացնում է որպես տղա: Արուսյակն ամբողջ գաղթի ճանապարհն անցնում է Հարությունի կերպարանքով:
Արուսյակը նկարագրում է իրենց անցած գաղթի ճանապարհը՝ Սեբաստիայից դեպի Իշխան գյուղ, Ղանզալ, Մալաթիա, Այնթափ, Բերեճիկ, Հալեպ, Րաքքա, Սաբխա և Դեր-Զոր: Նա պատմում է, թե ինչպես էին գաղթականներին դժվար անցանելի ճանապարհներով հաճախ տանում և հետ բերում նույն բնակավայրը՝ հյուծելու և բնաջնջելու նպատակով: Արուսյակի հուշագրությունը տեղահանությունների ընթացքում կիրառված բռնությունների մի ամբողջ շղթայի նկարագրություն է: Տեղահանվածների մի մասը սպանվում էր, ոմանք խեղդվում էին գետերում, ոմանք մեռնում հյուծվածությունից, սովից, տարատեսակ համաճարակներից ու հիվանդություններից: Թուրք ժանդարմները մանկահասակ տղաներին սպանում էին՝ թունավորելով սնունդը, աննախադեպ էին մարդակերության, սպանվածների ներքին օրգանները վաճառելու դեպքերը: Արուսյակի մանկական հիշողության մեջ տպավորվել են հայ գաղթականների՝ ծառերից գլխիվայր կախված, անշնչացած մարմինները պատկերող տեսարանները:
«Ալ ես ու եղբարս չենք կրնար բացատրել իրեց ըրած բաները այս գազան վայրենի ժողովուրդի: Վերջապես խեղճերին գլուխը կախ, ոտքերնին ալ կապած ծառին վրայ, անակ են ըրէր, որ իրից ըստամոքս ալ կտրէր են, հաներ են իրից թոքը և գրէր են, որ հինք փարային կը ծախէն թոքը»:
Արուսյակը պատմում է, թե ինչպես էին ճանապարհին զանազան խորության փոսերը լցվում սպանված, սովից ու համաճարակից մահացած հայերի դիակներով: Սաբխայից մինչև Դեր-Զոր ընկած ճանապարհին նրանց քարավանը նոսրացել էր, ճանապարհին արաբ կանայք վաճառում էին հաց, ջուր, մածուն: Հայերը իրենց վերջին գրոշներով գնում էին այդ ամենը կամ փոխանակում իրենց ունեցած թանկարժեք իրերի հետ՝ փորձելով հագեցնել ծարավը, քաղցը: Դեր-Զորում վրանների տակ պատսպարված հայերի թիվը նույնպես նվազում էր, ու այն աստիճանաբար վերածվում էր ամայի բնակավայրի: Դեր-Զորում թուրք հրոսակների խոշտանգման զոհ է դառնում նաև Արուսյակը, ում ուշագնաց գտնում է մի արաբ վաճառական: Արուսյակը, ուշքի գալով պատմում է, որ դեռ իր ականջներում է մոր լացի ձայնը, բայց չի հիշում, թե ինչ է եղել իր հարազատների հետ: Արուսյակը որոշ ժամանակ ապրում է արաբի ընտանիքում, որտեղ նրան լավ էին վերաբերվում:
Հետագայում՝ 1918 թվականին, երբ սկսվում են որբահավաք աշխատանքները, անգլիական իշխանությունների նախաձեռնությամբ և մի հայ զինվորականի շնորհիվ հաջողվում է Արուսյակին դուրս բերել իսլամական միջավայրից ու Բաղդադի որբանոց տեղափոխել, որտեղ նա սկսում է դպրոց հաճախել, գրել-կարդալ սովորել:
Հետաքրքրական է Հայաստան մեկնող կամավորականների այցը որբանոց, որոնց համար որբանոցի սաներն ազգային ոգով միջոցառում էին կազմակերպել, անգամ՝ հայկական զինանշանը պատրաստել:
Որբանոցում հաճախ մեծահասակ աղջիկներին հանձնարարում էին հոգ տանել փոքրերի մասին: Արուսյակի մասին հոգ տանող աղջիկը նրան նմանեցնում է քրոջը՝ Արշալույսին և հարցուփորձ անում նրա ծննդավայրի և ծնողների մասին: Պարզվում է, որ այդ աղջկա եղբայրն ամուսնացել էր Արուսյակի հորաքրոջ աղջկա հետ, ինչպես նաև տեղեկանում է, որ մորը հաջողվել է Արշալույսին հորաքրոջ հետ երկաթուղով ուղարկել Հալեպ: Բայց ինչպես գրում է Արուսյակը, նրան այլևս չի հաջողվել տեսել քրոջը, հորաքրոջը և մյուս հարազատներին: Գաղթի ճանապարհին հայ ընտանիքները այդպես մասնատվում էին, կորցնում միմյանց: Քչերին էր հաջողվում հետագայում վերագտնել հարազատներին կամ թեկուզ տեղեկություն ստանալ նրանց ողջ լինելու կամ գտնվելու վայրի մասին:
Այսպիսով, սույն հուշագրությունը ներկայացնում է մի ընտանիքի պատմություն, որը, մաքառելով Դեր-Զորի անապատներում, վերապրել է: Տասնամյա Արուսյակը, հոգեկան ծանր ապրումներով թղթին հանձնելով իր ընտանիքի պատմությունը, փորձել է դուրս գալ այդ հոգեվիճակից: Այս պարագայում Արուսյակին շատ օգնել է հավատն առ Աստված, նրա մտքում դրոշմվել էին մոր խոսքերը, որ Աստված մեծ է, Աստված կա, աղոթե՛ք, Աստված կօգնի:
Հուշագրությունն ավարտվում է Արուսյակի՝ Բաղդադի որբանոցային կյանքով: Հետագայում Արուսյակն ամուսնացել է իրաքահայ պատմաբան Վարդան Մելքոնյանի հետ:
1985թ. հուշագրությունը թարգմանվել է անգլերեն Արուսայկի որդու՝ Վահե Մելքոնյանի կողմից:
Հեղինե Հովհաննիսյան
ՀՑԹԻ գրահրատարակչական, խմբագրական և թվայնացման բաժնի ավագ օպերատոր
Արուսյակ Մանվելյանը մոր, քրոջ՝ Արշալույսի և եղբոր՝ Սեպուհի հետ: Սվազ, 1910–ական թթ.
Արուսյակ Մանվելյան-Մելքոնյանը ամուսնու՝ Վարդան Մելքոնյանի հետ, 1960-ական թթ.
Արուսյակ Մանվելյանը ամուսնու և երկու աղջիկների հետ: