16.03.2021
Այսօր՝ մարտի 16-ին, Սողոմոն Թեհլիրյանի կողմից Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթ փաշայի սպանության 100-ամյակի առթիվ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ««ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾ». ՍՊԱՆԵԼ ԹԱԼԵԱԹԻՆ» խորագրով դասախոսությունը, որը ներկայացրեց ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ, գիտաշխատող Գոհար Խանումյանը:
Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց 1919 թ. աշնանը Երևանում գումարված ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում կայացված խիստ գաղտնի որոշումը, որով նախատեսվում էր մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, այդ գործողությունը կոչվեց «Հատուկ գործ», որն ավելի հայտնի է «Նեմեսիս» ծածկանունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին: Բանախոսի հաղորդմամբ որոշման ընդունումից հետո սկսվում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ պատժիչ գործողությունների մանրազնին նախապատրաստությունը, որի ծրագրման ու կենսագործման անմիջական պատասխանատվությունը և վերահսկողությունը դրվում է ՀՅԴ գործիչներ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաճյան) և Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան) վրա, ովքեր էլ Հատուկ մարմնի կազմում ներգրավվում են մարտական հարուստ փորձառություն ունեցող Հայոց ցեղասպանությունը վերապրած երիտասարդների՝ Սողոմոն Թեհլիրյանին, Արշավիր Շիրակյանին, Արամ Երկանյանին, Միսաք Թորլաքյանին և ուրիշների: «Նեմեսիս» գործողության կազմակերպչական ընդհատակյա կենտրոններն էին Բոստոնում՝ «Հայրենիք», իսկ Կ. Պոլսում` «Ճակատամարտ» թերթերի խմբագրատները: Հրաչ Փափազյանի գլխավորած խումբը պետք է տեղեկություններ հայթհայթեր երիտթուրքերի հանցավոր պարագլուխների գտնվելու վայրի մասին:
Քանի որ Հատուկ գործը խիստ գաղտնի գործողություն էր, ուստի երկար տարիներ շարունակ գաղտնազերծված չէին նրա կազմակերպիչները, անդամները և գործին առնչվող ցանկացած տեղեկություն: Բանախոսը անդրադարձավ «Նեմեսիս» գործողության վերաբերյալ հրատարակված մասնագիտական գրականությանը, շրջանառվող տեսակետներին, մի շարք վիճարկելի հարցերի:
Դասախոսությանը ներկա էին նաև մեկ այլ հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի ազգականները, ովքեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին նվիրաբերեցին ընտանեկան լուսանկարներ, տոհմածառ և նրանց ընտանիքին պատկանող այլ առարկաներ:
Բանախոսը ներկայացրեց ժամանակի մամուլում լայնորեն լուսաբանված Թեհլիրյանի դատավարությունը:
Դասախոսության ավարտին ներկաները իրենց հարցերն ուղղեցին բանախոսին: