16.03.2023
Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)
Դպրոց՝ Միքայել Նալբանդյանի անվան համար 33 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Մարտի 15-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Միքայել Նալբանդյանի անվան համար 33 հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանի «Հայոց ցեղասպանությունը երեխաների աչքերով (հուշագրություններ, վկայություններ)» վերնագրով դասախոսությունը:
Նարինե Մարգարյանը դասախոսության ընթացքում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության տարիների ամենախոցելի խմբի՝ հայ երեխաների կյանքի տարբեր դրվագներին՝ գաղթի ճանապարհից մինչև թուրքական որբանոցներ, ձուլման վտանգից մինչև վերադարձ հայ ինքնությանը։ Քննարկվեց նաև հայկական և օտարերկրյա կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված որբահավաք գործունեությունը:
Մատնանշվեց նաև Ցեղասպանությունը վերապրած երեխաների ունեցած ներդրումը հայկական սփյուռքի վերաձևավորման, հզորացման գործում, արժևորվեց այդ սերնդի թողած գրական և հուշագրական ժառանգության դերը, որն այսօր ուսումնասիրողների համար սկզբնաղբյուրային նշանակություն ունի։ Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ աշխատակից Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Միքայել Նալբանդյանի անվան համար 33 հիմնական դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: